ԱԼԲԵՐՏ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ (Հրազդանի Աբո)

Ալբերտ ԱլավերդյանԾնվել է 1963 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Դաշտային Արցախի (պատմական Գարդման գավառ) Զագլիկ գյուղում: 1965 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հրազդան: 1980 թվականին ավարտել է Հրազդանի թիվ 9 դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետի գիշերային բաժին: Ծառայել է Գերմանիայում տեղակայված խորհրդային բանակում: Ծառայությունից հետո ուսումը կիսատ է թողել: Ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը և զինվորագրվել ՀԱԲ-ին, որի լուծարումից հետո անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Մասնակցել է Երասխավանի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի, Հադրութի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Մալիբեկլուի կրակակետերի ճնշման գորողություններին: Արցախում անցել է շարքային զինվորից մինչև Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհային վաշտի հրամանատար-վաշտապետ մարտական ուղի:

Աբոն պարզորոշ գիտեր, թե ով է իր զինվորներից տվյալ օրն ի վիճակի կռվելու: Ասում էր. «Էսօր դու վատ կանխազգացում ունես, դու տեղ չես գնա»: Զինվորը վախի մասին չէր արտահայտվում, սակայն Աբոյի ներըմբռնումը, անմիջական իմացական կարողությունը մեծ էր: Աբոն պեղել էր զինվորի հոգին ու գիտեր նրա գաղտնիքները:

Աբոն միանգամից մարսվող կերպար չէր: Ռազմական գործի մեջ նա ընկեր չէր ճանաչում, ռազմական հմուտ մանկավարժ էր, աշխատում էր մարդկանց բնավորությունը կոփել, կամքը կռել եւ նրա ասածին առարկել կամ չհամաձայնել չէր լինում, որովհետև միաժամանակ անչափ հոգատար էր իր զինվորների նկատմամբ: Ազդեցիկ էր ու անառարկելի:

Նա միշտ խրամատներում էր, նախընտրում էր անձամբ ստուգել դիրքերի հուսալիությունը, հարձակողական պլանները. գիտեր՝ իր խորհրդի կարիքը կա: Տեղանքում կողմնորոշվում էր ինչպես իր տանը: Ռազմավարական առումով ուներ մեծ ձիրք:

Հրազդանցիներ. Արարատ, Ալավերդյան Ալբերտ, Ռուբիկ

1994թ. սկզբին Աբոն նոր էր վերադարձել Շահումյանից: Հունվարի 5-ին իր վաշտով մասնակցեց Ֆիզուլու Շուկուրբեյլի-Կարախանբեյլի հատվածի պաշտպանական գծի վերադասավորման գործողությանը: Հունվարի 6-ին և 7-ին ադրբեջանցիները անհաջող գրոհներ կազմակերպեցին Կարախանբեյլին գրավելու համար: Հունվարի 10-ին ադրբեջանցիների զորախմբերը բլուրների հետևով առաջ էին շարժվել՝ փորձելով անցնել գումարտակի թիկունքը և նախահարձակ գրոհով հարվածելով թևերին՝ ընդհանուր հարձակման անցնել: Ռազմխորհրդի վճիռը հետևյալն էր. թույլատրել թուրքերի առաջխաղացումը ու ճակատային հարվածներով աղեղնաձև ծուղակի մեջ առնել նրանց: Ճակատի հարվածը պիտի ապահովեր Աբոյի վաշտը: Աբոն հրազդանցիների հետ դիրքավորվեց առաջավոր գծում: Նրան միացան Անդոյի, Սաքոյի ջոկատները, Էռնեստի, Նվերի տղերքը: Մարտը հաղթությամբ ավարտվեց: Սակայն….
Նույնիսկ արյունաքամ ու բզկտված՝ Աբոն խելահեղ կրակահերթերի միջից հնչեցնում էր իր հրամանը. «Տղե՛րք, դիրքերը լավ պահե՛ք»:

Հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի, «Շուշիի ազատագրման համար» մեդալի, ՀՀ «Մարտական գործողությունների մասնակից» (1992-1994) կրծքանշանի:

Ամուսնացած էր, ունի Անի և Արմեն զավակները:

***

Աբո Ալավերդյանի հիշատակին

Իմ հիշողության ամէն մի հյուլե,
Ցավն անագորույն, անկոչ մի հյուր է.
Հիշում եմ, Աբո, թե ինչ ինքնագոհ,
Հայկական Հարցի ընթացքից դժգոհ,
Արաքսի հունը մտովի փոխում
Ու Մասիսները ներս էիր առնում:
Ինչպես ավերված Գյումրի քաղաքի
Փլատակներից մանուկ Սիմոնին,
Արցունքն աչքերիդ, մորը հանձնեցիր.
Ցավի մեջ ժպիտ, լացի մեջ հրճվանք:
Հետո աշխարհի բիրտ օրենքներից
Արցախը ժայթքեց, աչքերիդ բոցից
Հանկարծ հասկացա, հետ կանգնել չկա,
Եւ ազատության եւ մահվան միջեւ
Կանգնած եք հուժկու առյուծի նման
Կամավորներն ու նրանց հետ դու:
Հուշերս այսօր նույն մարտադաշտում
Կռիվ են տալիս ու ժամանակի առանցքի վրա
Մեկը կանգուն է, թեեւ վիրավոր
Եւ մեկն ընկնում է հերոսի մահով,
Սակայն պատգամիդ միշտ հավատարիմ.
Տղեք դիրքերը չտաք թշնամուն:
Դիրքապահները կենտրոնում են դեռ,
Բոլորն են այստեղ, բոլորն են հերոս,
Ձեր ցավը տանեմ, պահեք դիրքերը,
ԴԻՐՔԵՐԸ ՉՏԱՔ………………………….

Արմեն Ալավերդյան

About Դուշման Վարդան Ստեփանյան

Վարդան Ստեփանյանը (Դուշման) ծնվել է 1966 մարտի 9-ին՝ Երևանում: 1973–1983թթ. սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում։ 1983թ. դիմել է զինկոմիսարիատ, որ իրեն ուղարկեն Աֆղանստան՝ դեսանտային զորամաս։ 1984թ. մեկնել է Աֆղանստան ծառայելու և կռվելու։ 1986թ. վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։ 1986թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1988թ. ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն և Արցախի ինքնապաշտպանական մարտերին։1992թ. հուլիսի 3-ին մարտական առաջադրանքի ժամանակ զոհվել է Դուշման Վարդանը։ Վարդան Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճանի շքանշանով, ‹‹Շուշիի ազատագրման›› մեդալով։ Պատերազմը իր օրենքներն ունի` չգրված, բայց հաստատված։ Ազատագրված ամեն մի թիզ հողը կյանք է պահանջում և թափվում է արյունը, հայ զինվորի արյունը՝ վերահաստատելով հայի ապրելու իրավունքը։
Այս նյութը հրատարակվել է Հայրենասիրություն, Անմահ հերոսներ-ում և պիտակվել , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն