Վարդանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Արաքսյա Ավագյանի, հուշ֊պատառիկներից

Ես հիմա տարիների հեռվից մտածում եմ, որ Աստծո կամոք մեր դպրոցի VIII դասարաններից մեկը բաժանվեց մյուս դասարաններին, և իմ VIII դասարան եկան այդ դասարանից շատերը, որոնց մեջ էր Վարդան Ստեփանյանը: Ես ծանոթ էի նրա մայրիկի հետ՝ հրա՜շք մայր, հրա՜շք հայուհի, կիրթ, զարգացած, գրադարանավարուհի տիկին Զարիկի հետ, որի երկու որդիները և դուստրը սովորում էին մեր դպրոցում (ցավոք չեմ դասավանդել ո՛չ Տիգրանին, ո՛չ էլ Արմինեին):

Ես կարդում էի իմ դասարան եկած նոր աշակերտների անունները. նրանք ոտքի էին կանգնում, ես նայում էի նրանց, ժպտում, սիրով ասում ՝ նստի՛ր: Բոլորն էլ լավն էին, հերթը հասավ Վարդանին. նա կանգնեց, նայեց ինձ, ժպտաց (հիմա, երբ գրեթե 40 տարի է անցել այդ երջանիկ օրից), ես նայեցի նրա դեմքին, աչքերին, որոնց մեջ ասես բոց էր կայծկլտում, ժպտացի, ասացի. «Նստի՛ր, Վարդան», բայց նա չնստեց, ասաց. «Այսօր ես շատ ուրախ եմ, որ վերջապես Ձեր դասարանում եմ»: Տեսե՛ք, անցել է շուրջ 40 տարի, բայց հիմա, երբ սիրտս ու հոգիս վիրապատ են, երբ ես անցյալով եմ խոսում իմ հրա՜շք Վարդանի մասին, թվում է Վարդանը կանգնած է, ես լսում եմ նրա ձայնը…

Եվ այսպես. ես այս թղթերին եմ հանձնում Վարդանի՝ իմ աննման տղայի, հրա՜շք աշակերտի մասին մի քանի հուշիկներ իմ հոգում անթեղված,  միշտ ինձ հետ շնչող, ապրող հուշապատումից, որն ինձ հետ շուտով կտանեմ երկնային կյանք, ուր անպայման կհանդիպեմ իմ Վարդանին և բոլոր նրանց, ովքեր վաղուց այնտեղ են….

Զարիկին

Զարի՛կ, Վարդանի մա՛յր ազնվատոհմ,
Արև անմար, հրաշք բերեցիր Դու աշխարհ,
Րոպե անգամ, գիտեմ, չի լռում ցավդ,
Իրիկուն֊առավոտ Վարդանիդ հետ ես,
Կանցնեն օրեր, տարիներ, տասնյակ տարիներ,
Ինքը՝ Վարդանդ, միշտ կզրուցի Քեզ հետ
Նիրվանա է հոգումդ մի՛շտ, Վարդանիդ հետ ես…

Անցնում էինք Պարույր Սևակի ստեղծագործությունները: Ես խոսում էի Սևակի սիրային բանաստեղծությունների մասին. անգիր ասացի «Նորից չեն սիրում…, սիրում են կրկին» և, ինչպես միշտ հարցրեցի. «Երեխանե՛ր, շուտով սերը կբախի և ձեր սրտի դուռը, ի՞նչ է ուզում ասել, ավելի ճիշտ՝ ի՞նչ է նշանակում.  «Նորից չեն սիրում…, սիրում են կրկին»: Մի րոպե հետո շատերը ձեռք բարձրացրին, իսկ Վարդանը ձեռքը թափահարում էր (միշտ՝ 3 տարի շարունակ, հենց որ հարց էի ուղում դասարանին, առաջին պատասխանողը Վարդանն էր): Ես ձայնը տվեցի Վարդանին… Նա այնպես մեկնաբանեց, որ ես հիացած ասացի. «Կեցցե՛ս, տղա՛ս, այո՛, Սևակն այդպես է մեկնաբանում սերը: Ահա Վարդանիս պատասխանը. «Իսկական սերը չի մարում, այն մնում է մարդկանց հոգում, ուրիշների են հանդիպում, ինչ-ինչ պատճառներով կարող է սիրոները հեռանան, բայց այդ սերերը մնում են, ու այդպես՝ «նորից չեն սիրում…, սիրում են կրկին»: Հետո ես Վարդանին ու մյուսներին հիշեցրեցի Անուշի, Աշոտ Երկաթի  սերը հաստատելով, որ «նորից չեն սիրում…, սիրում են կրկին»:

Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը վերլուծելուց առաջ անգիր ասացի, հիշեցինք Իսահակյանի, Շիրազի՝ մորը նվիրված բանաստեծությունները. անգիր գիտեին (դրանք անցել էին արդեն): Շատերը արտասանեցին այդ հեղինակների՝ մորը նվիրված բանաստեղծությունները, եկավ Վարդանը և արտասանեց Շիրազի բալադը՝ «Ասում են իբրև խարույկի վրա…»: Նրա աչքերը լցված էին արցունքով… Ասացի. «Այսօր տուն կգնաք, մայրիկներիդ համար կարտասանեք Սևակի «Մոր ձեռքերը» և կհաբուրեք նրանց ձեռքերը: Հետո ծնողները շնորհակալություն հայտնեցին ինձ դրա համար:

Անցնում էինք Դեմիրճյանի «Վարդանանքը»: Բոլոր իմ աշակերտները (50 տարի այդպես է եղել) նախօրոք պիտի լավ կարդացած լինեին մեծածավալ վեպերը: Ես միշտ նրանց հիշեցնում էի, որ մեկ ամիս հետո անցնելու ենք  «Վարդանանք», «Գևորգ Մարզպետունի», «Սամվել», անգամ պոեմները, պատմվածքները, նովելները պիտի նախապես կարդացած լինեին:

Ահա եկավ «Վարդանանք» վեպի ուսումնասիրման, վերլուծության, սիրո, անսահման հայրենասիրության, հայրենիքի համար գիտակցված զոհաբերության գնալու հրաշալի դասերի ժամանակահատվածը:

Ահա այդ դասերից մեկը՝ «Վարդանանքի» սյուժեն (աշակերտներն են պատասխանում իմ հարցերին) երկու ժամ. երկրորդ ժամին բնութագրում եմ Վարդան Մամիկոնյանին:

Այդ օրը կրթության նախարարությունից մի քանի ուսուցիչներ գրականագետ Աշոտ Ամիրյանի գլխավորությամբ դպրոց էին եկել՝ լեզվի և գրականության դասեր լսելու (միշտ դպրոց էին գալիս հանկարծակի՝ նախօրոք չհայտնելով իրենց գալու մասին. այն ժամանակ այդպես էր): Արդեն ասացի, որ իմ X«ա» դասարանի I և II ժամերը «Վարդանանք» վեպին էին տրված: Այդ ժամերին Վարդանը տարերքի մեջ էր. նա իրեն զգում էր Վարդան Մամիկոնյանի կողքին: Հիմա չեմ կարող այդ բոլորը նկարագրել, միայն ասեմ, որ երբ ես ընդհատում էի խոսքս և հարց ուղղում դասարանին, Վարդանն էր պատասխանողը, լսողները հիացած էին հատկապես Վարդանով: Ես հարցրեցի. «Երեխանե՛ր, ի՞նչ է նշանակում «ռամկական մարտակարգ»: Վարդանն այնպես պատասխանեց, որ Աշոտ Ամիրյանն ասաց. «Կեցցե՛ս, տղա՛ս»:

Ես էլ հուզված նայում էի Վարդանին. այդ պահին նրա հոգում փոթորիկ կար. երևի այդ պահին Աստված արդեն որոշել էր Վարդանի գալիք ուղին, նրա մեջ այդ պահին ձևավորվում էր ապագա հերոսը: Նորից մի պահ Վարդանիս հետ ես խոսում էի Զոհրապի «Զաբուղոն» նովելի մասին, ասացի, որ սիրուն դավաճանել նշանակում է Աստծուն ուրանալ, բոլորը տխուր էին. արդեն գիտեին «Այրին», «Փոստալը», հարցրեցի. «Երեխանե՛ր, ձեր կարծիքով Զաբուոն, որ փախել էր բանտից, եկել էր իր միակ սփոփանքին՝ Վասիլիկին տեսնելու, բայց տեսավ Վասիլիկի դավաճանությոնը, ո՞ւր էր գնալու»: Վարդանը բարձր ասաց՝ բանտ…

Տարբեր ստեղծագործություններ վերլուծելիս, հերոսներին, կերպարները բնութագրելիս ես անմիջապես տեսնում էի, որ իմ Վարդանն ատում է չկամներին, նախանձներին: Հիշում եմ, երբ Թումանյանի մասին էի խոսում, առաջինը հիշեցի Չարենցի, Իսահակյանի, Տերյանի, Սևակի՝ Թումանյանին նվիրված հրաշք բնութագրումները, որոնք հուզմունքով արտասանում էր Վարդանը.

«Մեզանից ոչ մեկի թռիչքը Թումանյանի գոհարակերտ բարձունից այն կողմ չի անցել»:   (Իսահակյան)

«Թումանյանից հետո կամ նոր խոսք պիտի ասել, կամ լռել»: (Տերյան)

«Կա Մեծարենց, կա Տերյան,

Եվ բազում այլ պոետներ կան,

Բայց Թումանյանն է անհաս

Արարատը մեր նոր քերթություն»: (Եղ. Չարենց)

Իմ Վարդանը, իմ տղան (Վարդանի մայրը՝ հերոս ծնած, սնած, դաստիարակած (ամենակարևորը) հրաշք Զարիկը ինձ տվել է իրավունք, որ Վարդանին նաև իմը համարեմ, որով ես երջանիկ եմ զգում:

Վարդանը շատ լավ էր սովորում բոլոր առարկաները. նա ինքնուրույն (առանց կրկնուսույցների. առաջ չկային դրանք. աշակերտներ էին ու նրանց ուսուցիչները) քննություններ հանձնեց համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և ընդունվեց:

Հիմա գրում եմ այս տոերը, ձեռքերս դողում են. 39 տարի առաջ էր դուռը թակեցին, բացեցի. Վարդանս էր. ընդունելության քննությունից էր գալիս, գրկեցի, համբուրեցի, ասաց. «Ընկե՛ր Ավագյան, ազատ շարադրություն եմ գրել՝ «Ձորի Միրոն»: Բարձր գնահատական ստացավ: Հիմա եմ ասում, որ այդ օրը, երբ մեր տանը նա ինձ պատմում էր, թե ինչպես է գրել «Ձորի Միրոն», ես հիացած նրան էի նայում. իմ առջև նստած էր ժամանակից շուտ հասունացած, խելացի, միաժամանակ շա՜տ հասուն ու զուսպ մի երիտասարդ:

Վարդանս ծառայեց Աֆղանստանում: Նա այնտեղից եկավ արդեն զենքին, կռվին տիրապետո, բազում մարտակարգեր տեսած, դրանց մասնակցած իսկական զինվոր: Այստեղ էլ կար Աստծո ձեռքը… Սկսվել էր Արցախյան գոյամարտը:

Տիկին Զարիկը եկավ դպրոց և ասաց, որ Վարդանը գնում է Արցախ: Վարդանին կանչեցի դպրոց, խոսեցինք. հիմա չեմ ուզում ասել իմ ու իմ Վարդանի խոսակցությունը, միայն մի կտոր ասեմ. «Ընկե՛ր Ավագյան,Դուք ևս իմ մեջ ներարկել եք հայրենասիրություն երեք տարի շարունակ. երբ «Վարդանանք» էինք անցնում, ասացիք, որ մայրիկս իմ անունը Վարդան է դրել, որ Վարդան Մամիկոնյանի նման ծառայեմ իմ ժոովրդին վտանգի օրհասական պահին, իսկ երբ Մուրացան էինք անցնում, Դուք ասացիք, որ Արցախը հայ ժոովրդի հազարամյա հողն է, որ այն ժամանակ, երբ հայ ժոովուրդը հրաշքներ էր ստեղծում, ազերիները, որոնք տառեր անգամ չունեին, քոչվոր ցեղեր էին, որ Շուշին մեր կրթության օրրաններից մեկն էր. այն մերը պետք է լինի. եկել է այդ պահը, և ես գնում եմ….

Ես գրեթե բառացի ասացի Վարդանիս խոսքը: Այդ պահին ես ու Վարդանն արդեն դպրոցից դուրս էինք եկել և կամուրջի մոտ էինք (Գետառի սակավաջուր մի վտակ հոսում էր դպրոցի մոտով. վտակի վրա կամուրջ էր կառուցված): Ոչ ոք այդ պահին չկար. ես ու Վարդանն էինք: Ես նայում էի  Վարդանին, որն այդ պահին ինձ մի հսկա էր երևում: Նա բռնել էր ձեռքերս, որոնք դողում էին: Այդ պահին ես ինձ ուսուցիչ չէի զգում. Վարդանն էր ինձ դաս տալիս… Ես գրկեցի նրան, համբուրեցի, բարի ճանապարհ մաղթեցի: Նա ասաց. «Ես կգամ, ընկե՛ր Ավագյան, մեր հաղթանակից հետո, որն անպայման մերն է լինելու, կշարունակեմ սովորել համալսարանում, որ Ձեր ուզած իրավաբանը դառնամ…»:

Ես շատ պարգևների, բարձր կոչումների եմ արժանացել, ինձ  50 տարի շարունակ մեծարել են կրթության բնագավառի պաշտոնյաներ, այդ բնագավառի այլ աշխատողներ, ինձ գնահատանքի ու շնորհակալության անմոռաց խոսքեր է ասել Կարեն Սերոբի Դեմիրճյանը (հավերժ փառք)… Բայց այդ բոլոր գնահատականների բարձրակետը եղել է իմ Վարդանի՝ իմ հրաշք աշակերտի գնահատականը:

Երբ բնութագրում էինք Վարդան Մամիկոնյանի թիկնապահ Արծվիին, ասացի. «Երեխանե՛ր, ինչո՞ւ Արծվին Դշխոյին չէր ասում սիրո խոսքեր, անտարբեր էր  ձևանում, երբ ամբողջ հոգով սիրում էր նրան»: Պատասխանեց Վարդանը. «Արծվին գիտեր, որ շուտով սկսվելու է պատերազմը, գուցե ինքը զոհվի, ինչո՞ւ Դշխոն ցավ ապրի»:

Հիմա ես անանց հուզմունքով եմ հիշում այդ պատասխանը և խոսում եմ Վարդանիս հետ. «Վարդա՛ն, տղա՛ս, ո՞վ էր այն երջանիկ աղջիկը, որին դու սիրո խոսքեր պիտի ասեիր , պիտի Քո հրաշք սիրտը՝ սիրով լեցուն, բացեիր նրա առաջ, ու նա պիտի լիներ երջանկագույնը բոլորի մեջ»: Ես հիմա մտածում եմ, որ գուցե արդեն գիտեիր, որ Աստված քո առաջ մի ուրիշ ճանապարհ է բացելու, որ քեզ Արցախն էր կանչելու, որ սիրո ծաիկների փոխարեն քո ուժեղ ձեռքերում զենքը պիտի խաղա, որ արդար կռիվ ես մղելու և հերոսանալու:

Հ. Գ.

Իմ հրաշք տղա, գալու է օրը, և Տիգրանի, Արմինեի զավակները, թոռնելը կգնան Էրգիր, կմտնեն Շիշլիի գերեզմանատուն և մոմեր  կվառեն Դուրյանի և մյուսների շիրմաքարերին ու կասեն. «Մեր հերոս, հերոս քեռի, հորեղբայր, Քո կիսատ մնացած իղձը կատարվեց…»:

Հույզով մեռավ նա, հուշքով կապրի դեռ,

Ծառերուն նման, որ թարմ ու դալար

Իր գերեզմանին կ՛ելնեն քովն ի վեր.

Հիաքներ կ՛երթան իրեն ետևեն….

Հրատարակված՝ Հայրենասիրություն-ում | Թողնել մեկնաբանություն

ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ… (4)

Չուղարկված նամակ

Ես քո մասին եմ մտածում …
Երբեմն ինձ թվում է, որ հիշողությունս միայն գիշերվան է սպասում, որ ջերմացնի, ապա պատառոտի հոգիս հուշերով։ Ամեն գիշեր քնելուց առաջ աղոթում եմ, որ երազումս սիրելի դեմքդ տեսնեմ… Բայց կյանքն անողոք է, և լույսն անխուսափելիորեն բացվում է։ Հետո սկսվում է օրը, բայց նույնիսկ ցերեկը, առօրյա հոգսերի տակ թաքնված կարոտս բաց չի թողնում հոգիս, դուրս է պոռթկում…
Մերթ օտար մի դեմքի վրա ծանոթ ժպիտ է սահում, կամ սիրտս է խոցում անծանոթ մեկի կողմից արտասանած ծանոթ արտահայտությունը։ Երբեմն էլ հանկարծ շնչահատ եմ լինում անծանոթ անցորդի ուրվագծին կամ քայլվածքին նայելիս…
Մինչև հիմա էլ քաղաքի փողոցներով քայլելիս հաճախ թվում է, թե ինչ-որ մեկն ինձ ձայն է տալիս… Շուրջս եմ նայում, «Դուք չլսեցի՞ք»,- հարցնում եմ ուղեկիցներիս։ Բայց ի պատասխան միայն զարմացած թոթվում են ուսերը… Ի՞նչ է սա, երևակայության խա՞ղ…, թե՞ երևանյան քամու կատակները, որը չի մոռացել ինչ-որ ժամանակ քո արտասանած անունը…
Իսկ քանի՜ անգամ սրճարանում նստած շրջվել եմ ծանոթ թվացող ծիծաղի վրա… 1 (1)
Անցնելով բժշկական ինստիտուտի դիմաց վաճառվող ծաղիկների մոտով՝ նայում եմ ծաղկավաճառի ձեռքի վարդերին… Դրանք չքնաղ են… Սակայն դրանցից ոչ մեկը, նույնիսկ ամենաշքեղները չեն կարող ավելի թանկ լինել ինձ համար այն փնջից, որում ընդամենը յոթ թեյի վարդ կար…
Այն ժամանակ՝ ավելի քան քսան տարի առաջ, պատմում էին. «Դուշմանը խենթի նման մոտոցիկլետով սլանում է Ղարաբաղով մեկ՝ չմտածելով ո՛չ ականների, ո՛չ դիպուկահարների մասին…Վարդանը մահվան հետ է խաղում…»։ Ասացին, ու թվաց, թե իրենք էլ վախեցան իրենց ասածից… Իսկ ես մտածեցի. «Ո՛չ, նրան ոչինչ չի կարող պատահել, չէ՞ որ նա բազում անգամներ խաբել է մահին… ու նաև այնքա՜ն է սիրում կյանքը»։
Գիտակցությունս հրաժարվում է հասկանալ, որ դու չկաս… Միայն թե հաճախ դժվար է լինում շնչելը, և ես տեսնում եմ քեզ արևի շողերի ու աստղերի ցոլքերի մեջ։ Ես լսում եմ քեզ անձրևի աղմուկի ու քամու սուլոցի, թափվող տերևների շրշյունի և լեռների լռության մեջ…
Դու ինձ հետ ես իմ երազներում ու երազանքներում, իմ ժպիտների ու արցունքների մեջ։ Եվ թվում է…, թե մենք նորից միասին ենք…

Հրատարակված՝ Հայրենասիրություն-ում | Թողնել մեկնաբանություն

ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ… (3)

IMG_2155Թեյ եմ խմում… վարդի մուրաբայով… իսկ աչքերիս առաջ կենդանի վարդերի փունջն է, այն՝ միակը… Ես զգում եմ նրանց բույրը։ Եվ սիրելի դեմքն է հառնում աչքերիս առաջ, ուշադիր հայացքը՝ մերթ շոյող, մերթ խիստ… մերթ այնքան լուսավոր, ասես հարյուրավոր կայծկլտացող աստղեր են վառվել գիշերվա պես սև նրա աչքերում։ Այդ հայացքն եմ տեսնում նաև նրա մոր ու քրոջ աչքերում։ Լսում եմ նրա ծիծաղը, այնքան ծանոթ հարցը՝ «Ну?», որը ես և իր ընկերոջ տղան ջանում էինք կրկնել նույն հնչերանգով…
Ժպտում եմ արցունքներիս միջից… Ախր սա ընդամենը թեյ է՝ վարդի թերթիկներից պատրաստված մուրաբայով…

Հրատարակված՝ Հայրենասիրություն-ում | Թողնել մեկնաբանություն

ՀԵՐՈՍԻ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԵՐԳԱՆՔԸ

Ազգովի նշվում է Հայրենիքի ուխտյալ զինվոր, լեգենդար հրամանատար  Դուշման  Վարդան  Ստեփանյանի  ծննդյան  առաջին  հիսունամյակը: Իսկ նա հավերժ 26 տարեկան է… մոր և Հայրենիքի համար:

Այդ  ի՞նչ  մայր է վառ մուրազով քեզ  ծնել,

Հայրենիքի մորմոքներով  քեզ  սնել,

Աշխարհ եկար ազգիդ ցավը տանելու,

Մեր դարավոր մեծ վրեժը հանելու…

Այնպես եղավ սակայն, որ հենց որդու ծննդյան հիսնամյակի օրը, անասելի խոր հոգեկան ապրումներից ու գերլարումից, առյուծածին  մոր տառապած սիրտը քիչ մնաց դավաճաներ: Մոր սիրտը, որ այս էլ քսանչորս տարիներ կորստյան ցավին դիմանում-մաքառում-պայքարում է՝ շարունակելով որդու կռիվը  չարի դեմ: Վաղ առավոտյան տկն Զարուհու ճնշումը կտրուկ բարձրացավ, վիճակը դարձավ օրհասական: Նրան փրկեց շտապ օգնության բժիշկը՝ ճերմակ խալաթավոր, ճերմակահեր և ազնվական դեմքով մի այր: Ու երբ հերոսի մորը հրաշքով ոտքի կանգնեցրած բժիշկը դուրս էր գալիս սենյակից,  նրա աչքերում արցունքներ տեսանք:

-Դուշման Վարդանին  մԴուշմանարտնչող Ղարաբաղում եմ տեսել, մի դաժան մարտից հետո, որն ավարտվեց  թշնամու ջախջախումով: Երբեք չեմ մոռանա Դուշմանին: Ահեղ հրամանատար էր իր տարերքի մեջ:  Շնորհակալ եմ  ճակատագրին, որ, թերևւս, կամոքն Աստծո, հենց ինձ վիճակվեց շտապ օգնության մեքենայով հասնել և այս հիշարժան օրը փրկել լեգենդար հրամանատարի մոր կյանքը,- հուզմունքով ասաց  բժիշկը:

-Տկն Զարուհին այսօր Եռաբլուր կբարձրանա՞, թե՞ արգելեցիք,- միամտորեն հարցրի ես:

-Որոշելու իրավունքը իրենն է: Չեմ կարծում, թե Դուշման Վարդան ծնող մայրը նահանջի, այն էլ այսպիսի օրը:

Այդպես էլ եղավ: Դուշման Վարդան Ստեփանյանի ծննդյան օրը, քույր ու եղբորից, մյուս հարազատներից բացի,  Եռաբլուրում հավաքված հարյուրավոր մարդիկ՝  զինվորականներ, հոգևոր հայրեր,  հրամանատարի մարտական ընկերներ, ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ , հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրման օպերացիան ղեկավարած Կոմանդոսը, Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտներ,   հերոսի հարազատ կրթօջախի՝ Հ. Թումանյանի անվան  թիվ 32 դպրոցի ուսուցիչներ ու աշակերտներ, որդեկորույս մայրեր,  ուսանողներ,հատուկ այդ օրվա խորհրդին մաս կազմելու  նպատակով  հեռավոր Երուսաղեմից  ժամանած հայ բանաստեղծուհին, ով, ի դեպ, հրաշալի վարեց միջոցառումը, լրատվամիջոցների ներկայացուցիչներ… այնպես էլ չիմացան, չզգացին, որ Զարուհի Շամյանը վատ է զգում իրեն: Դեռ ավելին՝ հերոսի մայրը պատրաստակամությամբ պատասխանեց տասնյակ լրագրողների, ռեպորտյորների բազմաթիվ հարցերին: Ընդ որում, խոսեց այնպես, որ թվաց, թե  իր որդին՝ Դուշման Վարդանն է խոսում,Եռաբլուրի մշտարթուն հերոսներն են բարբառում կրակված սրտով:

-Շնորհակալ եմ, որդիս, որ այս հպարտությունը  ինձ ես պարգևել՝  հանուն  Արցախի ազատագրման, հանուն  տառապյալ Հայրենիքի  կատարած քո սխրանքներով,-  ավետեց  Զարուհի  Շամյանը ի լուր աշխարհի:

Ո՜րերրորդ անգամ ենք համոզվում, որ մայր ու որդի նույն խմորից են հունցված:

-Մեր հրամանատարը ընտրյալների մեջ նվիրյալ էր, նվիրյալների մեջ՝ ընտրյալ,- ծանրաշեշտ և անչափելի հպարտությամբ ասաց Դուշման Վարդան Ստեփանյանի մարտական ընկերներից  մեկը:

Գերհագեցած օրը զարդարվեց գեղարվեստական մասով՝  Դուշման Վարդանին  և մեր մյուս հերոսներին փառաբանող, բոլորի հոգիները թինդ հանող հայրենասիրական երգ ու պարով, պոեզիայի հրեղեն խոսքով:

Ժամանակը սամումի պես առաջ է սուրում: Տարիները կգլորվեն, դարեր կանցնեն: Նոր սերունդներ աշխարհ կգան, որոնք Եռաբլուր կբարձրանան՝ խոնարհվելու և ողջունելու Դուշման Վարդանին և  սրբազան բարձունքին ննջող բոլոր քաջերին՝  հայոց անմահների գնդին:

Դուշման Վարդանի մարդկային նկարագիրը  կատարյալ է: Երբ նրա աստեղային ժամը հնչեց Արցախ-Ղարաբաղում, նա  փայլուն կատարեց  Հայրենիքի հանդեպ իր պատմական առաքելությունը՝  ջահել կյանքով  և իր ազնիվ արյամբ  սրբագործելով  իր դավանած ազգային գաղափարները և իր մեծ  հայրենասիրությունը:

Դա հենց այն է, որ Ավարայրից մինչ  այսօր կոչվում է մահ իմացեալ:

Դա անմահների ճակատագիրն է:

Դուշման Վարդան Ստեփանյանի ծննդյան 50-ամյակը իր անմահության նախերգանքն է:

Փա՜ռք  հայոց  բոլոր Եռաբլուրներում  հանգչող, հանուն Հայրենիքի  գիտակցաբար զոհված  հերոսներին:

Խոնարհումով՝   Ռուբեն   Գրիգորյան

Հրատարակված՝ Հայրենասիրություն, Հուշապատում, Անմահ հերոսներ, Բնութագրեր-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ… (2)

Կլրանա 50 տարիդ

Քո մասին եմ մտածում … Կլրանա 50 տարիդ … Չեմ հավատում, որ այսքան երկար ժամանակ է, ինչ մեզ հետ չես… Երբեմն մոռացվում է, թե ինչ է եղել երեկ, բայց հիշելով մեր վաղ երիտասարդության տարիները՝ անցյալը աչքերի առաջ է հառնում: Հիշում եմ քո դեմքը, քո ժպիտը, աչքերը, որոնց մեջ սիրում էի խորասուզվել. ինձ համար այնտեղ ողջ Տիեզերքն էր ամփոփված: Հիշում եմ քո ծիծաղը, անհոգ ուրախության՝ այն ժամանակ արդեն հազվագյուտ  րոպեները:

Հիշում եմ. արևոտ օր էր: Ազգային ժողովի շենքի մոտով էինք անցնում: Ակամա հիանում էի՝ դղյակի նման շինություն, առջևում այգին, որոնք ձմեռային այդ օրը հեքիաթային էին թվում: Դու ծիծաղեցիր և հարցրիր.

-Քեզ դո՞ւր է գալիս: Երբևիցե այդ տունը իմը կլինի:

Այդ ժամանակ մենք շատ երիտասարդ էինք, ծիծաղում էինք, կատակում: Իսկ հետո հաճախ էի հիշում այդ պահը, երբ քեզ ճանաչող մարդիկ ասում էին. «Վարդանին մեծ ապագա էր սպասվում: Նա միշտ հասկանում էր, թե ինչ է անհրաժեշտ իր երկրին, մարդկանց և գիտեր, թե ինչպես հասնել դրան: Նա երազում էր իր երկիրը կրկին ծովից ծով տեսներ՝ անձամբ իր համար ոչինչ չսպասելով»:

Հավերժի ասպետըՔո մասին եմ մտածում… Պատկերացնում եմ, թե ինչպիսին կլինեիր… Ես գիտեմ, ես վստահ եմ, որ դու ամենա-ամենան կլինեիր ամեն ինչում, հենց այդ է պատճառը, որ դու հիմա մեզ հետ չես: Չէ՞ որ, ինչպես ասում են, Աստված լավերին է տանում: Բայց ահա մեզ՝ ողջ մնացածներիս համար, մինչև հիմա շատ ցավալի է, որ դու մեզ հետ չես: Ինքս ինձ հաճախ եմ հարցնում, որ եթե հիմա Վարդանը մեզ հետ լիներ…, և ինքս էլ պատասխանում՝ ամեն ինչ լավ կլիներ: Առանց քեզ կյանքը հիանալի խճանկար է, որում պակասում է մի մասնիկ: Միակը, բայց շատ կարևորը, ոմանց համար՝ ամենակարևորը, առանց որի անհնար է լիովին հիանալ նկարի գեղեցկությամբ: Եվ որքան երկարում է կյանքը, որքան ավելանում են հիշարժան պահերը, այնքան հաճախ է արձագանքում սրտում՝ Առանց քեզ… Առանց քեզ… Առանց քեզ…:

Քո մասին եմ մտածում… Դպրոցում, վազող երեխաներին նայելով, հաճախ տղաների մոտ քո դիմագծերն եմ փնտրում: Երբեմն, նկատելով ակնթարթային նմանություն, մտածում եմ, թե ինչպիսին կլինեին քո երեխաները: Այնպես կուզեի ասել՝ մեր երեխաները… Երազում եմ, բայց միանգամից լսում եմ քո խոսքերը. «Ես երբեք չեմ ունենալու ո՛չ ընտանիք, ո՛չ երեխաներ»: Այո՛, դու չէիր սիրում խոսել ապագայի մասին: Դու դրա մասին չէիր կարող խոսել, հոգուդ խորքում միշտ նվիրված էիր Մամիկոնյանների ուխտին՝ հանուն Հայրենիքի մշտապես արիաբար կռվելու և զոհվելու պատրաստ լինելու ուխտին: Դու պատրաստ էիր, բայց նրանք, ովքեր քեզ սիրում էին, առ այսօր պատրաստ չեն հաշտվել , որ դու այլևս մեզ հետ չես:

Հրատարակված՝ Հայրենասիրություն, Հավերժության մտորումներ, Բնութագրեր-ում | Պիտակված | Թողնել մեկնաբանություն

ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ — 50

Եռաբլուրյան  ոսկեծի՛լ  դու  հունդ,Dush34

Այս  աշխարհ եկող ամեն հայ սերունդ ,

Քե՜զ՝  ոգեղեն սյուն ժայռակոփ մեր տան,

Քեզ  նորովի է  կարդալու, Վարդա՛ն:

Դու՝ իմաստուն գիրք, հերոսական կյանք,

Հաղթական բազուկ,  չբեկվող դու կամք,

Հայոց լեռներում  դու՝  կայծակի թա՛փ,

Թշնամո՛ւ  համար  դու՝  ահ ու սարսա՛փ:

Մեր ազատության  արևի  դու  շո՛ղ,

Ազատագրված   Արցախի՛ դու   հող,

Նրա պես հավերժ,  սուրբ՝  նրա  նման,

Հայրենյաց զինվոր, ո՜վ Դուշման Վարդան:

Դու՝  Հայրենիքի  անկաշա՛ռ  ասպետ,

Զրույց  ես  բացել  սերունդների հետ,

Դու՝ ասք ու  լեգենդ,  գալիքի դու զա՛նգ,

Դու՝  անմահության  հզո՛ր  նախերգանք:

Խոնարհումով՝

Ռուբեն  Գրիգորյան

Մարտ , 2016թ.

Հրատարակված՝ Հայրենասիրություն, Հուշապատում-ում | Թողնել մեկնաբանություն

ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ… (1)

Այս օրերին շատ եմ մտածել այն մասին, թե ինչ է ինձ համար պատերազմը…
Դա, անշուշտ, հպարտությունն է մեր երկրի անցյալի և ազգի հզորության համար, բայց նաև հերոսների մասին հիշողություններն են, կորստի գիտակցության սարսափը, խոնարհումը բոլոր նրանց առջև, ովքեր դեռ մեզ հետ են, գեորգիևյան ժապավենները` երեխաներիս պայուսակներին….

Պատերազմ… կարծես այնքա՜ն հեռու ու միաժամանակ այնքա՜ն մոտ… Ինձ համար պատերազմն իմ ընկերներն են, ովքեր կողքիս չեն, ովքեր «հետաձգեցին» իրենց անձնական կյանքը, ում համար կարևոր դարձավ ոչ թե ուսում ու սիրած աղջիկները, այլ խրամատներն ու զենքը: Նրանց համար Հայրենիք հասկացությունն այնքան սուրբ էր, որ հանուն նրա պատրաստ էին անվերապահորեն զոհաբերել սեփական կյանքը՝ փոխարենն ակնկալելով միայն մի քանի մետր հող…

ԵղբայրներԻնձ համար պատերազմը հերոսի մոր աչքերում է, ով 21 տարի է՝ չի ուզում ապրել առանց որդու, ով ամեն օր որդու փոխարեն նրա անունն է տեսնում իր տան պատի հուշատախտակին:
Պատերազմը հերոսի քրոջ արցունքոտ աչքերում է, ով ամեն օր ուղեկցում է հյուրերին թանգարանի սենյակներով՝ նորից ու նորից վերապրելով եղբոր կորուստը: Այնպես կուզեի տեսնել երկու երջանիկ, գեղեցիկ և միմյանց այդքան նման տղամարդկանց նկարը միասին: Սակայն կրտսեր եղբայրն այլևս երբեք չի զգալու ավագ եղբոր՝ հենարան դարձած ուսը ձեռքի տակ, այլ միայն շիրմաքարի սառնությունը…
Պատերազմն ինձ համար իմ փշրված երազներում է, չիրականացած երազանքներում, անզոր հուսահատության մեջ…

Անիծյա՛լ լինես, պատերա՛զմ:

Հրատարակված՝ Հայրենասիրություն, Հավերժության մտորումներ, Հուշապատում, Բնութագրեր-ում | Պիտակված , , | Թողնել մեկնաբանություն

ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏՈՒՄ Է, ՀԵՐՈ՛Ս

«Արահետ» բազմաբնույթ պարբերական, N 11, 2015

Շուշիի Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին

Շուշիի Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին

Քչախոս էր, բայց դեմքին նայելիս զգացվում էր հոգու խռովքը: Ղազանչեցոց վանքի, Գանձասարի, Ամարասի գեղեցիկ ու լուռ վեհության պես, որ նույն խռովքն է: Դարերով մեր հոգիները սնած բարոյական հաղթանակներից հոգնած, կշտացած, նա եկավ ժխտելու հաղթանակի այս տեսակը և հաստատելու, որ Սուրբ Մաշտոցի երկնած տառերի խորհուրդը երկաթագիրն է: Եվ ինչպես քուրայից ելնող շիկացած տառերը, այնպես էլ իր գործը հոգու հնոցից էր և ոչ թե լեզվի բոց:

Վարդանը (Դուշման) իր ընդհատված թռիչքով եկավ հաստատելու, որ պատմության հոլովույթում չենք ուշացել, հերթը մե՛րն է, որովհետև ուժն ու զորությունն են հարգում, հաշվի նստում հետը:

Եվ հզորի՛ մշակույթն են հարգում, հաշվի նստում հետը, և հզորի մշակույթն է աշխարհն ընկալում որպես մեծ ու անկրկնելի:

Մնացյալը պատմության ու քաղաքակրթության վարագույրն է, կե՛ղծ վարագույրը:

Վարդանը գիտեր դա: Եվ իր (ոչ միայն իր) իմացյալ մահով է, որ դա գիտենք նաև մենք այսօր:

Սերժ Սարգսյան

ՆԳ և ԱԱ նախարար

25.02.97թ

 

ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ (ԴՈՒՇՄԱՆ-ՎԱՐԴԱՆ)

ԴուշմանըԱզատամարտիկ, ԼՂ բանակի ստեղծողներից, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ…

Ծնվել է 1966թ. մարտի 9-ին Երևանում:  1984-86-ին կամավոր ծառայել է Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ զորամիավորումում:

Սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1989-92-ին մասնակցել է ՀՀ Իջևանի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի, ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական, Կրկժանի, Հադրութի, Խոջալուի, Լեսնոյի, Մալիբեյլիի ազատագրական մարտերին: Շուշիի և Լաչինի ազատագրման ժամանակ եղել է ջոկատներից մեկի հրամանատարը:

Նահատակվել է 1992թ-ի հուլիսի 3-ին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտակայքում մարտական առաջադրանք կատարելիս:

Ամփոփված է Եռաբլուրում:

 

ԱՐԵՎԱԶԱՐՄ ՎԱՐԴԱՆԸ

Հակոբ ՍրապյանՏող գյուղի ազատագրումը

————————————————-

…Եկել էր պահը, պիտի ժայթքեր հայոց ըմբոստ ոգին: Ու ժայթքումը պիտի կերպարանք առներ իրենց երակներում կապույտ արյամբ բորբոքուն ազգընտիր տղերքի հասվեհաս հառնումով՝ ընդդեմ բարբարոս ենիչերու, որն արնաուտի մոլեռանդությամբ կրկին ու կրկին տենչում էր իր ծարավն հագեցնել մի նոր եղեռնագործությամբ: Հարկավ, այդպես էր լինելու, եթե Արցախյան գոյապայքարի օրերին, ինքնաբուխ մղումով, ի մարտ չնետվեին ազգի ողնաշարն ամուր պահող, ասպետական արժանապատվությամբ ազգի անունն ու պատիվը վսեմացնող հայրենասեր մահապարտների այն փաղանգները, որոնց վերապահված էր ևս մեկ անգամ լուծելու արիազարմ մեր ցեղի ճակատագրական՝ լինել-չլինելու խնդիրը:

Ազգընտիր այդ փաղանգի արևորդիներից էր Դուշման մականվամբ փառավորված Վարդան Ստեփանյանը՝ կատարյալ մի ասպետ, ով տակավին պատանեկան հասակից էր իրեն նախապատրաստել մահապարտի ու հերոսացման առաքելությանը… Նրա պարագայում հայրենապաշտությունը, թերևս, գենային հատկանիշ էր, մեղվաջան նվիրումով պատմական ու գեղարվեստական գրականությունից սնուցված ոգեղեն կերտվածք, մտավոր բարձր հատկանիշներով օժտված անհատի ինքնադրսևորում…

Այն իրողությունը, որ մինչև Արցախյան հերոսամարտը նա անցել էր օտարաշահ Աֆղանական պատերազմի գեհենով, թրծվել այդ պատերազմի բոցերում և… խնայե՞լ հարազատներին՝ չտեղեկացնելով անգամ, թե իրականում ինքը որտեղ է ծառայում՝ արդեն իսկ լուսապսակով է օծում նրա փառավոր կերպարը: Իսկ աշակերտական տարիների նրա գրառումներն ու հասուն տրամաբանությամբ ապշեցնող շարադրություննե՞րը, խոհ-խորհուրդնե՞րն իր եղբայր Տիգրանին, քրոջը՝ Արմենուհուն, մարգարտաշար ձեռագրով գրված նամակնե՞րը սիրասուն մորը՝ տիկին Զարիկին…

Ծանոթանալով նրա մասունք-ձեռագրերին, համոզվում ես, որ հենց Վարդան հայի տեսակով է, որ Ավարայրի ու Սարդարապատի սքանչացումներ ենք արձանագրել մեր պատմության մատյաններում, անցել Եղեռնի գեհենով ու վերհառնել վերստին: Հենց այս տեսակն է անկեցվածք ու ազնվազարմ՝ հանուն հայրենյաց բարձրաձայնել. եթե ո՛չ ես, ապա էլ ո՞վ պիտի ընդառաջ գնա մահվան համբույրին, ո՞վ պիտի իր բաժին խաչը տանի անտրտունջ ու բեռ չդառնա ուրիշներին: Իսկ հանուն հայրենիքի ծաղիկ հասակը զոհաբերելը, անտարակույս, գագաթնակետն է սիրո ու նվիրումի: Այս փառահեղ հոգեկերտվածքը բնորոշ է միայն ընտրյալներին՝ Չաուշներին, Անդրանիկներին, Սերոբներին, Արաբոներին, Թաթուլներին, Շահեններին, Լեոնիդներին, Ավոներին, Վարդաններին…

Ուրեմն փառավորվենք ու հպարտանանք, ծնկենք ու խոնարհվենք մեր անմեռ նահատակների անմար հիշատակի առջև, որպես ազգի լինելիության ու հավերժացումի խորհրդանիշ ընկալենք նրանց և նրանց անմակարդելի արյունից պտղունց խառնենք մեր սակավ արյան՝ երբեմն պղտոր հոսքին, որպեսզի ինքնամաքրվենք ազգովի, որպեսզի վաղվա սերունդների մեջ էլ Վարդաններ լինեն…

Որպեսզի իրավունք ունենանք բացճակատ ելնելու Եռաբլուր պանթեոն և չշանթահարվենք նրանց հայացքից, որոնց արծվենի բիբերում հայոց արևն է ու Հայրենիք պաշտելին, որոնց թափառող երազներում Սիփանն ու Գրգուռն են, Անդոկն ու Նեմրութը՝ Հայոց աստվածների հառնումատեղին…

Եռաբլուրում

Թեկուզ Դուշման-Վարդանն ու մյուս մարտիրոսները այնտեղ՝ վերևներում են՝ Հայոց աստվածահայր Արամազդի հայաշունչ փաղանգում, սակայն մենք՝ ազգովի, պարտավոր ենք նրանց փնտրել ապրողների մեջ…

Հրատարակված՝ Նյութեր մամուլից, Անմահ հերոսներ-ում | Թողնել մեկնաբանություն

ՄԱՍԻՍԸ ՏՈՒՆ ԲԵՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

1966 թվական, Երեւան, մարտի 8, գիշեր… Երիտասարդ մի կին՝ Զարուհի անունով, երեք օրվա դժվարին պայքարից հետո լույս աշխարհ է բերում մի մանչուկի, ով բախտի մտածված խաղով ոչ միայն Վարդան անունը, այլեւ էությունը պիտի ժառանգեր: Եվ հաստատ այդ ժամանակ արդեն նորածնի մայրը գիտակցում էր այն, ինչը մենք սովոր ենք լսելու այսօր արդեն բոլորիս հարազատ Զարիկ մայրիկից. «Եթե տղա ես լույս աշխարհ եկել, ուրեմն արու ես, մեր պապերի արյունը երակներումդ, որձ, ասել է թե զինվորացու՝ ազգիդ զինվորը»: Վարդանից առաջ նույն այդ հիվանդանոցում 16 աղջիկ էր ծնվել, ուստի բժիշկը նրա ծնունդն արձանագրեց մարտի 9-ով:

563251_294425723963791_834719458_n

Քանի որ մայրը Երեւանի Նուրբ բրդյա գործվածքեղենի կոմբինատի գրադարանի վարիչն էր, փոքրիկ Վարդանն ինքնըստինքյան դարձավ գրադարանի մշտական այցելուն, այնուհետեւ նաեւ հավատարիմ ընթերցողը: «Խաղալ» սկսել է գրքերով, դրա համար էլ հետագայում պիտի ասեր. «Ես մանկուց սիրում եմ գրքերի հոտը»:

Սովորել է Երեւանի Հ. Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում՝ լինելով ընկերների եւ ուսուցիչների հիացմունքի առարկան: Դպրոցն ավարտել է գերազանցությամբ: Նրա ավարտական շարադրությունը՝ «Ամենալավ մարդը, որին ճանաչում եմ» խորագրով, չի պահպանվել, բայց Զարիկ մայրիկը դեռ հիշում է, որ Վարդանն այնտեղ նկարագրել էր մի հիվանդ մոր, ով որդուն Աֆղանստան է ճանապարհում: Այնտեղ Վարդանն ազգը համեմատել էր կաղնու հետ՝ վիրավոր, բայց կանգուն: Դեռ այն ժամանակ էր մայրը հասկացել, թե ով ով է այդ պատմության մեջ, չէ՞ որ ինքը նոր էր տուն վերադարձել վիրահատությունից: Շարադրությունն ընթերցելիս մայրական մի ներքին բնազդով վախեցել էր որդու հետագա ճակատագրի համար: Շատ ավելի ուշ պիտի իմանար, որ 8-րդ դասարանում Վարդանն իրենից գաղտնի հաճախել է աերոակումբ, Արզնիում գնացել անկարգելով թռիչքների:

Դպրոցն ավարտելուց հետո Վարդանը դիմել է զինկոմիսարիատ՝ իրեն Աֆղանստան դեսանտային զորամաս ուղարկելու՝ որպես իր որոշման պատճառ նշելով. «Հայն իրավունք չունի հնոցպան ու խոհարար դառնալու: Մեզ ռազմագետ զինվորներ են պետք, դարավոր թշնամի ունենք»: Կամավոր մեկնելով Աֆղանստան՝ մեկ տարի շարունակ թաքցրել է իր զինվորական ծառայության վայրը՝ մորն անհանգստություն չպատճառելու համար: Նամակներ է գրել, իբրեւ թե ծառայում է Հունգարիայում: Միայն մեկ տարի անց է Զարիկ մայրիկը պատահաբար իմացել ճշմարտությունը, բայց այս անգամ էլ է Վարդանը կարողացել պատասխան գտնել. «Ես հավատում եմ, որ Հայոց բանակի զինվոր եմ դառնալու»: 

Դուշմանն Աֆղանստանում

 

1986 թվականի մայիսին Վարդանը վերադառնում է Աֆղանստանից եւ արդեն օգոստոսին ընդունվում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ՝ գրելով հիանալի քննական շարադրություն «Իմ սիրած կինոնկարը» վերնագրով, որի վերջին տողերը մխվում են մարդու հիշողության մեջ. «Կռվել ու զոհվել հայրենիքի համար մարդու սրբազան պարտքն է: Ա՜խ, երանի այն մարդուն, ով Մասիսը տուն կբերի»: Դրա համար էլ 1988-ի առաջին իսկ օրերից միանգամից նետվեց պայքարի մեջ՝ դիմելով միայն ու միայն գործնական քայլերի՝ մինչեւ վերջ էլ զերծ մնալով ճառերից ու նեղ անձնական շահերից: Նա ի ծնե գաղափարի ու գործի զինվոր էր: Երկրաշարժի օրերին Վարդանը մեկ վայրկյան անգամ չհապաղեց Լենինական մեկնելիս: Այդ ժամանակ մոսկովյան մի շարք թերթեր գրեցին նրա սխրանքի մասին՝ ինչպես էր 18 օրում փլատակներից 18 մարդ փրկել:

Միշտ սիրում էր կրկնել, որ կռվելու կամքը կորցրած ազգն իրավունք չունի գոյատեւելու, եւ որ թշնամու ամեն մի քայլը պիտի պատասխան ստանա. «Խաղաղ, թե պատերազմի միջոցով, միեւնույն է, մեր հողերը պետք է ետ վերցնենք»:

Եվ իզուր փորձեց Զարիկ մայրիկը կանգնեցնել նրան.

– Ես ուրիշի երեխաներին եմ պաշտպանել, այսօր կարո՞ղ եմ տանը հանգիստ նստել ու տեսնել, թե ինչպես են իմ ազգի երեխաներին կոտորում թուրքերը: Քո մահն անգամ ինձ ետ չի պահի, ես այնքան մահ եմ տեսել, քեզնից թանկն էլ կա, իմ ազգն է:

Ասել է ու մեկնել՝ այլեւս միայն ու միայն հայրենիքի որդու կարգավիճակով:

Հետաքրքիր է Վարդանի մականվան պատմությունը: Աֆղանստանում նա կռվել է դուշմանների դեմ, եւ ադրբեջանցիները, սարսափած նրա գործողություններից, նրան իրենց ամենամեծ դուշմաններից մեկն էին համարում եւ մեծ գլխագին էին նշանակել նրա համար: Ղարաբաղյան պատերազմում Վարդանն արդեն հայտնի էր հենց «Դուշման» մականունով: Սկզբից եւեթ մասնակցել է մարդկանց հավաքագրելու գործընթացին, որն, ի դեպ, հեշտ չէր խորհրդային անվտանգության կոմիտեի հսկողության ներքո: Նա գործել է նաեւ ընդհատակում՝ կապ պահպանելով Մոսկվայի հայ համայնքի եւ անվանի լրագրողների հետ: Մի քանի ամսով մեկնել է Ռուսաստան՝ զենք հայթայթելու: 1988-ին ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն եւ Արցախի ինքնապաշտպանական մարտերին: Մարզել եւ գլխավորել է Դահրազի եւ Բադարայի բանակումները: Նաեւ գլխավորել է Շահումյանի հետախուզությունը:

Վարդանը եւ կռվում էր, եւ մարզում Արցախի առաջին օրինավոր բանակը, որի հիմնադիրներից էր: Այս երիտասարդ նվիրյալին ընկերները նույնացրել են Հայոց ռազմի աստծո հետ, ընդգծել նրա ցեղահաղորդ լինելը՝ Վարդանին նկարագրելիս միշտ Նժդեհին հիշելով՝ համարելով վերջինիս գաղափարների իսկական կրողը /ի դեպ, ընկերների պատմելով, նա երկու մեծություն էր ճանաչում՝ Նժդեհին ու Նիկոլ Դումանին/:

Վարդանին ներկայացնում են թե որպես սկզբունքային, ազնիվ, մարդասեր ու հայրենասեր, հավասարակշռված ու զուսպ մարդու, թե որպես հիանալի ռազմագետի, մեծ հրամանատարի ու առաջնորդի, ով ռազմի դաշտում դառնում էր կրակոտ ու առույգ՝ ոգեշնչելով զինվորներին: Նրանից կարելի էր շատ բան սովորել: Դպրոցում «շտապօգնություն» մականունը ստացած Վարդանը հայրենիքի համար էլ այդպիսին դարձավ՝ մշտապես կրկնելով. «Պիտի կռվենք մինչեւ վերջ, պիտի ապրենք բոլորս միասին մինչեւ վերջ»:

425283_288938687845828_2037122925_nԱհա թե ինչպես է Վարդանին բնութագրում գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը.

– Դուշմանը մարտի դաշտում համարձակ էր, նախաձեռնող: Նա միշտ այնտեղ էր, որտեղ պահանջվում էր առավելագույն պատասխանատվություն ու համարձակություն:

Վարդանի մարտական ուղին սկսվում է Իջեւանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գորիսի, Կոռնիձորի ինքնապաշտպանական մարտերով, այնուհետեւ Երասխավանի սահմանների պաշտապնություն, հետո՝ ինքնապաշտպանական մարտեր Շահումյանում, Մարտակերտում, Ասկերանում, որոնց հաջորդում են Լեսնոյը, Կրկժանը, Բուզլուխը, Զառիսլուն, Բերդաձորը, Լաչինը, Շուշին: Եվ սա դեռ ամբողջը չէ:

Այս պարզ ու հասարակ թվարկման ներքո բազում պատմություններ կան թաքնված, որոնք Վարդանի քչախոս լինելու պատճառով հիմնականում ականատեսների միջոցով են պահպանվել: Պատմում են, թե ինչպես Խոջալուն ազատագրելիս ցուրտ ձմեռով անտառ փախած ադրբեջանցի մայրերին Վարդանը գտնում ու խնամում էր, հետո ճանապարհում, որ անվտանգ հասնեն յուրայինների մոտ: Ընկերները մի որոշ ժամանակ այդ արարքի համար նեղացել են նրանից, բայց Վարդանը պատերազմի իր անբեկանելի օրենքներն ուներ. «Իմ պատերազմում կանայք ու երեխաներ չպետք է զոհվեն: Եթե այս մանուկը մեծանա ու նորից զենք վերցնի, ի՞նչ է պատահել, այդ ժամանակ էլ իմ որդին զենք կվերցնի»:

Պատմում են նաեւ, որ Լեսնոյի ազատագրման ժամանակ Վարդանը մի պարկ փողով այրել է թշնամու տունը: Իսկ Լեսնոյն ազատագրել էր առանց զոհերի, ընդամենը երկու վիրավոր տալով: Նա անտարբեր էր փողի ու շահի նկատմամբ, եւ երբ նրան պաշտոն էին առաջարկել, նա հրաժարվել էր՝ պարզաբանելով. «Աթոռի ժամանակ չէ, ես զինվոր եմ, ազգս պատերազմի մեջ է, իմ տեղը կռվի դաշտում է, ես այնտեղ ավելի պետք եմ»:

421175_282387925167571_1769314195_n

Երբ ազատագրվում է հերթական տարածքը, Վարդանին տուն է առաջարկվում, բայց նա Շուշիից էր ուզում: Դեռ 88-ին որոշել էր, որ առաջինը պիտի մտնի Շուշի եւ Լաչինով տուն գնա: Հաճախ ինքնամոռաց կրկնում էր՝ «չքնա՜ղ Շուշի»: Հեռու չէր այն օրը, երբ Վարդանի նվիրական երազանքը պիտի իրականություն դառնար: Երբ մայիսի 9-ի լուսաբացին մեր զինվորները մտան քաղաք եւ զինապահեստի վերածված Ղազանչեցոց եկեղեցու գլխին ծածանեցին Հայոց եռագույնը, Վարդանը որտեղից որտեղ շամպայնի մի շիշ է գտնում, իրեն գցում գերեզմանոց եւ շամպայնը կաթիլ առ կաթիլ լցնում շիրիմներին՝ ասելով. «Մե՛ր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացե՛ք»: Բայց Շուշիում Վարդանի սխրանքը սրանով չի ավարտվում: Նա մտածում էր Շուշի տանող ճանապարհը փակելու եւ Լաչինի ազատագրման մասին, որ թուրքերն օգնություն ստանալուց հետո չվերսկսեին հարձակումը քաղաքի վրա: Պետք էր ականապատել Շուշի-Զառիսլու ճանապարհը, ինչն էլ Վարդանն իրականացնում է ընկերների հետ՝ ակնհայտ վտանգն աչքի առաջ: 1992 թվականի մայիսի 14-ին, երբ սկսվում է թշնամու գրոհը, նրանք արդեն հասցրել էին ավարտել իրենց գործը: Երեք օրվա դաժան մարտերով ամրապնդվում է Շուշիի հաղթանակը՝ դուռ բացելով դեպի Լաչին, որի ազատագրումից հետո Վարդանը բարձրացել էր «Լաչին» տառերի վրա եւ հիացել վերեւից բացվող տեսարանով:

Շուշիում եկեղեցու կողքին մի տուն էր վերցրել եւ մտադիր էր պատերազմի ավարտից հետո տեղափոխվել այնտեղ, չնայած որ կանխազգում էր իր մահը: Նա գիտեր, որ իր նմանները պատերազմից չեն վերադառնում, բայց եւ վստահ էր, որ իրեն գնդակ չի դիպչի, եթե զոհվի, ապա միայն դավադիր ականից: Կանխազգում էր, եւ երբ հուլիսի 3-ին պիտի գնային տարածք ուսումնասիրելու, ընկերներին պատվիրել էր.

Եթե զոհվեմ, գեղեցիկ հագնված, զինվորին վայել կեցվածքով կգաք, լաց չլինեք, գլխիս տակ էլ դաշույն կդնեք, որ այնտեղ էլ պայքարեմ անարդարությունների դեմ:

Անգամ մորն էր նախապատրաստել, երբ Շուշիի ազատագրումից հետո կարճ ժամանակով տուն էր եկել.

– Մամ, ես այս անգամ քեզ ծերացած եմ տեսնում: Աշխարհում ինձ համար ամենաթանկը Տիգրանն է /եղբայրը/, իսկ Ղարաբաղը Տիգրանից էլ թանկ է: Ղարաբաղ կորցնելով Հայաստան ենք կորցնում:

Նա գիտեր, որ շատ է պետք այդ պատերազմին եւ անում էր իր լավագույնը՝ փոխարենը հայրենիքից ընդամենը երկու մետր հող ակնկալելով. «Մարմինս մաշելու է հողը, թող որ ես այն մաշեմ հանուն Արցախի: Ավելի լավ է ապրեմ 25 տարի ազգիս համար, քան 100 տարի՝ ինձ համար»: Սակայն թե իր, թե հայրենիքի համար ընդամենը 26-ն էր ապրելու:

1992 թվականի հուլիսի 3-ին Ղարաբաղի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում արդեն կանխատեսված ականի պայթյունից ընկնում է Վարդանն իր երկու ընկերների՝ Արմենի ու Արայիկի հետ:

Թվում է, թե դրանից հետո Զարիկ մայրիկն այլեւս կկորցներ հավատն ու ապրելու կամքը, բայց ոչ: Նա Վարդանի մա՛յրն է եւ գտել է թե մեզ, թե իրեն փարատելու ամենաիմաստուն բանալին. «Ես հպարտ եմ, քանզի ժամանակի պատահական անցորդներն անհետ ու անհայտ են լինելու, դու հավերժ ես, ազգինն ես, պատմությանն ես, ապագայինը»:

Բնությունը շատ բան էր խտացրել Վադրանի մեջ՝ զինվոր, բանաստեղծ, հետախույզ, ուսուցիչ, հրամանատար, բժիշկ, երգիչ, քանդակագործ… Այսպիսին Վարդանը կմնա իրեն ճանաչողների հուշերում, իսկ պատմությունը նրան կարձանագրի որպես 2-րդ գումարտակի փոխհրամանատար, ՊԲ կապիտան /հետմահու/, 1-ին,  2-րդ, 3-րդ մոտոհրաձգային գումարտակի հիմնադիրներից:

Դումանը հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով:

Երեւանի Գարեգին 538244_327188100687553_2080540405_nՆժդեհի 56 հասցեում գտնվում է Վարդանի անվան տուն-թանգարան-գրադարանը, որի ամեն մի անկյունում լույս ու ջերմություն կա: Այդ տանը մի սրբազան երկյուղածություն է իջնում վրադ, մանավանդ, երբ հերոսի մեծադիր նկարի առջեւ տեսնում ես նկարներն այն փոքրիկների, ովքեր հերոսի պատվին Վարդան անունն են կրում: Նրանք Վարդանի մտերիմների որդիներն են, որոնց իրենց ծնողները որպես Դուշմաններ են դաստիարակում: Ինչպես կասեր Զարիկ մայրիկը. «Քո անունով երգեր են գրվում, քո անունով որդիներ են ծնվում»:

 

Վարդանը շարունակում է ապրել նաեւ Շուշիում, որտեղ նրա անունով փողոց կա: Դա այն փողոցն է, որով Դուշմանն առաջին անգամ քաղաք է մտել…

«Վարդանանք» երկամսաթերթ, 2009 թվական

Նար Վարդանյան

Հրատարակված՝ Նյութեր մամուլից, Անմահ հերոսներ-ում | Թողնել մեկնաբանություն

ՈՐԴՈՒ ԵՎ ՄՈՐ ՍԽՐԱՆՔԸ

Ազատ ԱսոյանԿյանքն ու մահը հավերժորեն անհաշտ, իրարամերժ ախոյաններ են: Մահը խլում է, կյանքը՝ վերականգնում: Ընդ որում, մահը գործում է  սատանայի ձեռքով, կյանքը՝ մոր միջոցով: Ասվածի մի նոր հաստատումն է երևանաբնակ Ասոյանների ընտանիքի հետ կատարվածը: Երբ  2014թ. հուլիսի  31-ին  ԼՂՀ հյուսիսային հատվածում ադրբեջանական կողմից  մի նոր դիվերսիա էր կազմակերպվել, դավադիր թշնամին հետ է շպրտվել՝ կրելով շատ լուրջ կորուստներ: Ավա՜ղ, այդ բախման ժամանակ հերոսաբար զոհվել է Ազատ Ասոյանը, որ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր: Մեր պետական սահմանների պաշտպանության ժամանակ իր կյանքն է զոհաբերել նաև նրա ծառայակից Արարատ Խանոյանը:

Ազատի առյուծածին մայրը՝ Մանուշակ Ասոյանը, որդու կորստյան ահավոր ցավն իր սրտում, հայրենասեր հայուհուն հարիր վճիռ էր կայացրել՝ մինչև մեկ տարին մի նոր արու զավակ ունենալ՝ ի հիշատակ իր 20-ամյա զինվոր տղայի և ի հեճուկս մահի: Որդին ի՛ր սխրանքը կատարեց, մայրը՝ իր: Ազատի  զոհվելուց  մեկ տարի չանցած, հուլիսի 7-ին, Մանուշակը լույս աշխարհ բերեց արու մի մանչ: Նրան Նարեկ կոչեցին, որ Աստծո օրհնանքը հովանի լինի հանուն հայրենյաց զոհվածի նորածին եղբորը: Զարմանալի, հրաշալի ժողովուրդ ենք: Ազգովի սգում ենք յուրաքանչյուր մեռնողի համար, ազգովի ուրախանում՝ ամեն մի նոր ծնվողի համար: Եվ բնական է, հայերեն է, մեր մտածելակերպին  ու հոգեբանությանը պատշաճող, որ հայկական լրատվամիջոցները հեղեղվել են այս վշտախառն ուրախության մասին տեղեկատվությամբ: Ու քանի որ ես էլ այս ծովի  կաթիլն եմ, ցանկանում եմ փոքրիկ խոսքս ավարտել մի քառատողով, որ նվիրում եմ հերոսաբար զոհված Ազատ Ասոյանի հիշատակին, Հայրենիքի համար կորյուններ ծնող նրա Մանուշակ մորը և, իհարկե,  նորածին Նարեկին, որ կյանքի խորհրդանիշն է:

Նարեկ Ասոյան

                            Դու աշխարհ եկար՝ մահը հերքելու,

                            Եղբորդ կիսատ երգը երգելու…

                            Այդպես է,  հայը մեռնում է, հառնում

                            Եվ նենգ  թշնամուց վրեժն իր առնում:

   Ռուբեն Գրիգորյան

Հրատարակված՝ Հայրենասիրություն, Անմահ հերոսներ-ում | Պիտակված , , , , | Թողնել մեկնաբանություն