«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿՅԱՆՔ»

«ԺԱՄԱՆԱԿ»

Սեպտեմբերի 5, 2000թ.

ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆ

Զարիկ մայրիկը Վարդանի նկարի մոտ թանգարանումԼուսանկարից մեզ նայող մտախոհ, տխուր հայ քաջորդու անունն է Վարդան Ստեփանյան։ 1992թ. հուլիսի 3-ին ընդհատվեց հայրենիքի նվիրյալի կյանքը։ Ի տարբերություն շատերի, Վարդանի համար արցախյան պայքարն ավելի վաղ էր սկսվել։ Դեռևս 1984-ին, երբ կամավոր մեկնել էր Աֆղանստան։ «Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ամաչում եմ ազգիս տղաների համար, գնում են Ռուսաստան, կամ հնոցապան, կամ էլ հյուսն դառնում, իսկ զինվորական ո՞վ պետք է դառնա»։ Գնաց ու վերադարձավ հերոսացած։ Հերոս՝ օտարի հողում։ Ու՞մ է պետք։ 1985թ. ընդունվեց Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուզում էր արդարության պաշտպան  լինել իր ժողովրդի համար, բայց նրան վիճակված չէր ավարտել ուսումը։ 1988-ից ամբողջովին նվիրվեց ազգային-ազատագրական պայքարին։ Եղել է ինքնապաշտպանության կազմակերպիչներից  ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ Արցախում, մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Զառիսլուի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը։ Դասակի հրամանատար էր, նաև բանաստեղծություններ էր գրում, քանդակներ անում։

Վարդանն այն հրամանատարներից էր, որոնք իրենց մարտիկներով ամուր վահան էին դարձել թշնամու գրոհների առաջ։

Դուշման Վարդանը Աֆղանստանում

Շուշին կորցնելուց հետո ադրբեջանցիները, բնական է, ձեռքները ծալած նստել չէին կարող։ Միակ  ելքը՝ Շուշի-Զառիսլու ճանապարհը ականապատելն էր, որտեղ էլ Շուշիից փախած հակառակորդի ուժի մեծ կուտակում կար։ Այնքան էլ դյուրին գործ չէր, քանի որ տարածքը նշանառության տակ էր։ Եվ Վարդանի նախաձեռնությամբ Արթուրի, Արարատի, Եղոյի և մի քանի տղաների մասնակցությամբ ականապատվում է ճանապարհը։ Իսկ առավոտյան սկսվում է թշնամու գրոհը։ Ադրբեջանցիների S-72 տանկը հետևակի չորս հրետանու օժանդակությամբ առաջ է շարժվում։ Առաջին տանկը պայթում է ականի վրա, փակում ճանապարհը։ Երեք օր դաժան մարտեր են ծավալվում։ Ավա՜ղ, Շուշիի ազատագրումից երկու ամիս անց Վարդանը զոհվեց։

ԱՄԱԼՅԱ  ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

About Դուշման Վարդան Ստեփանյան

Վարդան Ստեփանյանը (Դուշման) ծնվել է 1966 մարտի 9-ին՝ Երևանում: 1973–1983թթ. սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում։ 1983թ. դիմել է զինկոմիսարիատ, որ իրեն ուղարկեն Աֆղանստան՝ դեսանտային զորամաս։ 1984թ. մեկնել է Աֆղանստան ծառայելու և կռվելու։ 1986թ. վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։ 1986թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1988թ. ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն և Արցախի ինքնապաշտպանական մարտերին։1992թ. հուլիսի 3-ին մարտական առաջադրանքի ժամանակ զոհվել է Դուշման Վարդանը։ Վարդան Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճանի շքանշանով, ‹‹Շուշիի ազատագրման›› մեդալով։ Պատերազմը իր օրենքներն ունի` չգրված, բայց հաստատված։ Ազատագրված ամեն մի թիզ հողը կյանք է պահանջում և թափվում է արյունը, հայ զինվորի արյունը՝ վերահաստատելով հայի ապրելու իրավունքը։
Այս նյութը հրատարակվել է ‹‹Զրույց որդուս հետ››, Նյութեր մամուլից-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն