ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏՈՒՄ Է, ՀԵՐՈ՛Ս

«Արահետ» բազմաբնույթ պարբերական, N 11, 2015

Շուշիի Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին

Շուշիի Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին

Քչախոս էր, բայց դեմքին նայելիս զգացվում էր հոգու խռովքը: Ղազանչեցոց վանքի, Գանձասարի, Ամարասի գեղեցիկ ու լուռ վեհության պես, որ նույն խռովքն է: Դարերով մեր հոգիները սնած բարոյական հաղթանակներից հոգնած, կշտացած, նա եկավ ժխտելու հաղթանակի այս տեսակը և հաստատելու, որ Սուրբ Մաշտոցի երկնած տառերի խորհուրդը երկաթագիրն է: Եվ ինչպես քուրայից ելնող շիկացած տառերը, այնպես էլ իր գործը հոգու հնոցից էր և ոչ թե լեզվի բոց:

Վարդանը (Դուշման) իր ընդհատված թռիչքով եկավ հաստատելու, որ պատմության հոլովույթում չենք ուշացել, հերթը մե՛րն է, որովհետև ուժն ու զորությունն են հարգում, հաշվի նստում հետը:

Եվ հզորի՛ մշակույթն են հարգում, հաշվի նստում հետը, և հզորի մշակույթն է աշխարհն ընկալում որպես մեծ ու անկրկնելի:

Մնացյալը պատմության ու քաղաքակրթության վարագույրն է, կե՛ղծ վարագույրը:

Վարդանը գիտեր դա: Եվ իր (ոչ միայն իր) իմացյալ մահով է, որ դա գիտենք նաև մենք այսօր:

Սերժ Սարգսյան

ՆԳ և ԱԱ նախարար

25.02.97թ

 

ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ (ԴՈՒՇՄԱՆ-ՎԱՐԴԱՆ)

ԴուշմանըԱզատամարտիկ, ԼՂ բանակի ստեղծողներից, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ…

Ծնվել է 1966թ. մարտի 9-ին Երևանում:  1984-86-ին կամավոր ծառայել է Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ զորամիավորումում:

Սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1989-92-ին մասնակցել է ՀՀ Իջևանի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի, ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական, Կրկժանի, Հադրութի, Խոջալուի, Լեսնոյի, Մալիբեյլիի ազատագրական մարտերին: Շուշիի և Լաչինի ազատագրման ժամանակ եղել է ջոկատներից մեկի հրամանատարը:

Նահատակվել է 1992թ-ի հուլիսի 3-ին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտակայքում մարտական առաջադրանք կատարելիս:

Ամփոփված է Եռաբլուրում:

 

ԱՐԵՎԱԶԱՐՄ ՎԱՐԴԱՆԸ

Հակոբ ՍրապյանՏող գյուղի ազատագրումը

————————————————-

…Եկել էր պահը, պիտի ժայթքեր հայոց ըմբոստ ոգին: Ու ժայթքումը պիտի կերպարանք առներ իրենց երակներում կապույտ արյամբ բորբոքուն ազգընտիր տղերքի հասվեհաս հառնումով՝ ընդդեմ բարբարոս ենիչերու, որն արնաուտի մոլեռանդությամբ կրկին ու կրկին տենչում էր իր ծարավն հագեցնել մի նոր եղեռնագործությամբ: Հարկավ, այդպես էր լինելու, եթե Արցախյան գոյապայքարի օրերին, ինքնաբուխ մղումով, ի մարտ չնետվեին ազգի ողնաշարն ամուր պահող, ասպետական արժանապատվությամբ ազգի անունն ու պատիվը վսեմացնող հայրենասեր մահապարտների այն փաղանգները, որոնց վերապահված էր ևս մեկ անգամ լուծելու արիազարմ մեր ցեղի ճակատագրական՝ լինել-չլինելու խնդիրը:

Ազգընտիր այդ փաղանգի արևորդիներից էր Դուշման մականվամբ փառավորված Վարդան Ստեփանյանը՝ կատարյալ մի ասպետ, ով տակավին պատանեկան հասակից էր իրեն նախապատրաստել մահապարտի ու հերոսացման առաքելությանը… Նրա պարագայում հայրենապաշտությունը, թերևս, գենային հատկանիշ էր, մեղվաջան նվիրումով պատմական ու գեղարվեստական գրականությունից սնուցված ոգեղեն կերտվածք, մտավոր բարձր հատկանիշներով օժտված անհատի ինքնադրսևորում…

Այն իրողությունը, որ մինչև Արցախյան հերոսամարտը նա անցել էր օտարաշահ Աֆղանական պատերազմի գեհենով, թրծվել այդ պատերազմի բոցերում և… խնայե՞լ հարազատներին՝ չտեղեկացնելով անգամ, թե իրականում ինքը որտեղ է ծառայում՝ արդեն իսկ լուսապսակով է օծում նրա փառավոր կերպարը: Իսկ աշակերտական տարիների նրա գրառումներն ու հասուն տրամաբանությամբ ապշեցնող շարադրություննե՞րը, խոհ-խորհուրդնե՞րն իր եղբայր Տիգրանին, քրոջը՝ Արմենուհուն, մարգարտաշար ձեռագրով գրված նամակնե՞րը սիրասուն մորը՝ տիկին Զարիկին…

Ծանոթանալով նրա մասունք-ձեռագրերին, համոզվում ես, որ հենց Վարդան հայի տեսակով է, որ Ավարայրի ու Սարդարապատի սքանչացումներ ենք արձանագրել մեր պատմության մատյաններում, անցել Եղեռնի գեհենով ու վերհառնել վերստին: Հենց այս տեսակն է անկեցվածք ու ազնվազարմ՝ հանուն հայրենյաց բարձրաձայնել. եթե ո՛չ ես, ապա էլ ո՞վ պիտի ընդառաջ գնա մահվան համբույրին, ո՞վ պիտի իր բաժին խաչը տանի անտրտունջ ու բեռ չդառնա ուրիշներին: Իսկ հանուն հայրենիքի ծաղիկ հասակը զոհաբերելը, անտարակույս, գագաթնակետն է սիրո ու նվիրումի: Այս փառահեղ հոգեկերտվածքը բնորոշ է միայն ընտրյալներին՝ Չաուշներին, Անդրանիկներին, Սերոբներին, Արաբոներին, Թաթուլներին, Շահեններին, Լեոնիդներին, Ավոներին, Վարդաններին…

Ուրեմն փառավորվենք ու հպարտանանք, ծնկենք ու խոնարհվենք մեր անմեռ նահատակների անմար հիշատակի առջև, որպես ազգի լինելիության ու հավերժացումի խորհրդանիշ ընկալենք նրանց և նրանց անմակարդելի արյունից պտղունց խառնենք մեր սակավ արյան՝ երբեմն պղտոր հոսքին, որպեսզի ինքնամաքրվենք ազգովի, որպեսզի վաղվա սերունդների մեջ էլ Վարդաններ լինեն…

Որպեսզի իրավունք ունենանք բացճակատ ելնելու Եռաբլուր պանթեոն և չշանթահարվենք նրանց հայացքից, որոնց արծվենի բիբերում հայոց արևն է ու Հայրենիք պաշտելին, որոնց թափառող երազներում Սիփանն ու Գրգուռն են, Անդոկն ու Նեմրութը՝ Հայոց աստվածների հառնումատեղին…

Եռաբլուրում

Թեկուզ Դուշման-Վարդանն ու մյուս մարտիրոսները այնտեղ՝ վերևներում են՝ Հայոց աստվածահայր Արամազդի հայաշունչ փաղանգում, սակայն մենք՝ ազգովի, պարտավոր ենք նրանց փնտրել ապրողների մեջ…

About Դուշման Վարդան Ստեփանյան

Վարդան Ստեփանյանը (Դուշման) ծնվել է 1966 մարտի 9-ին՝ Երևանում: 1973–1983թթ. սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում։ 1983թ. դիմել է զինկոմիսարիատ, որ իրեն ուղարկեն Աֆղանստան՝ դեսանտային զորամաս։ 1984թ. մեկնել է Աֆղանստան ծառայելու և կռվելու։ 1986թ. վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։ 1986թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1988թ. ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն և Արցախի ինքնապաշտպանական մարտերին։1992թ. հուլիսի 3-ին մարտական առաջադրանքի ժամանակ զոհվել է Դուշման Վարդանը։ Վարդան Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճանի շքանշանով, ‹‹Շուշիի ազատագրման›› մեդալով։ Պատերազմը իր օրենքներն ունի` չգրված, բայց հաստատված։ Ազատագրված ամեն մի թիզ հողը կյանք է պահանջում և թափվում է արյունը, հայ զինվորի արյունը՝ վերահաստատելով հայի ապրելու իրավունքը։
Այս նյութը հրատարակվել է Նյութեր մամուլից, Անմահ հերոսներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն