ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ

ԴուշմանըԱրցախյան գոյամարտին ու նրա անմեռ հերոսներին նվիրված բազմաթիվ հատորներ են գրվել, որոնց մեջ` նաև լրագրող Ռուբեն Գրիգորյանի

‹‹Նամակ Եռաբլուրից›› մինի պոեմ – չափածոն / հեղինակն այսպես է բնորոշել իր ստեղծագործությունը/:

Գիրքը Դուշմանի / Վարդան Ստեփանյան / հետմահու զրույցն է մոր` տիկին Զարուհու հետ և կոչ-հրահանգ մեզ` ապրողներիս, որ մեր սրբությունները պինդ պահենք ու անկատար չթողնենք Եռաբլուրում և մյուս սրբավայր դարձած բլուրներում ամփոփված անմահների գործը:

Պոեմի 26 հատվածները խորհրդանշում են Դուշման Վարդանի ապրած տարիները, նրա ոչ սովորական և իսկապես առինքնող կենսագրությունը, նրա որդիական խոնարհումը մոր, հայրենի հողի ու սիրելի ժողովրդի նկատմամբ:

Զարիկ մայրիկը

Տիկին Զարուհին որդի է դաստիարակել նախ` հայրենիքի, հետո` ընտանիքի համար, ու Վարդանն ամեն ինչ արել է մոր պատգամներն իրագործելու համար:

Ճիշտ է, այսօր տիկին Զարուհին, որպես մայր, ցավով է խոսում հերոս որդուց թոռնիկ չունենալու մասին: Բայց Վարդանի ու Վարդանների զավակներն են ազատ Հայաստանում, ազատ Արցախում ծնվող բոլոր մանուկները, որոնց երջանկության մասին երազանքն էին փայփայում Արցախյան գոյամարտի  մասնակիցները` կին թե տղամարդ, երիտասարդ թե տարիքն առած…

Հողը, երկիրը Հայրենիք են դառնում հերոսների գիտակցված անձնազոհությամբ, և հաղթում են անմահ նահատակները: Այդ հաղթանակն այսօր Արցախն է, մեր երախտագիտությունը հերոսների և հատկապես` նրանց դաստիարակած մայրերի հանդեպ:

Ռուբեն Գրիգորյանի մինի պոեմն այդ երախտագիտության արտահայտություններից է, ապրողներիս ու գալիք սերունդների խոնարհման դրսևորումը մեր արիասիրտ մայրերի ու նրանց քաջազուն զավակների նկատմամբ:

 

Մարգարիտ  Խաչատրյան

Բանասիրական գիտությունների դոկտոր

Գրական թերթ,  27 հունիսի 2014թ.

About Դուշման Վարդան Ստեփանյան

Վարդան Ստեփանյանը (Դուշման) ծնվել է 1966 մարտի 9-ին՝ Երևանում: 1973–1983թթ. սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում։ 1983թ. դիմել է զինկոմիսարիատ, որ իրեն ուղարկեն Աֆղանստան՝ դեսանտային զորամաս։ 1984թ. մեկնել է Աֆղանստան ծառայելու և կռվելու։ 1986թ. վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։ 1986թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1988թ. ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն և Արցախի ինքնապաշտպանական մարտերին։1992թ. հուլիսի 3-ին մարտական առաջադրանքի ժամանակ զոհվել է Դուշման Վարդանը։ Վարդան Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճանի շքանշանով, ‹‹Շուշիի ազատագրման›› մեդալով։ Պատերազմը իր օրենքներն ունի` չգրված, բայց հաստատված։ Ազատագրված ամեն մի թիզ հողը կյանք է պահանջում և թափվում է արյունը, հայ զինվորի արյունը՝ վերահաստատելով հայի ապրելու իրավունքը։
Այս նյութը հրատարակվել է Հուշապատում, Նյութեր մամուլից-ում և պիտակվել , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն