ԵՍ ՄԱՆԿՈՒՑ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԳՐՔԵՐԻ ՀՈՏԸ

Ես այնքան հաճախ եմ շփվում նրա հետ, մեր ընդհանուր ընկերներն այնքան հաճախ են մեջբերում նրա՝ կարծես երեկ ասված խոսքերը, Դավիթ Ամալյանի նրա մասին հեղինակած և իր իսկ կատարարմամբ հնչող երգն այնքան կենդանի ու ոգեկոչող է, որ ես այդպես էլ չկարողացա համակերպվել մահվան գաղափարի հետ։ Սկզբում չհաջողվեց, իսկ հետո դրա անհրաժեշտությունն արդեն չկար. փոքր ընդմիջումով իմ ընկերների թվում  հայտնվեցին երկու Վարդան։ Նրանցից մեկն արդեն դպրոց է գնում, իսկ մյուսը պառկած է տաք ու մաքուր օրորոցում։ Նրանցից մեկը մի հայացքով կարող է սաստել չափից դուրս կռվարար համադասարանցուն, իսկ մյուսը… Իսկ մյուսը հորանջում է օրորոցում՝ արտաշնչելով տաք, արբեցնող քաղցր, կաթնաբույր բուրմունք։

Դուշման Վարդան… Արդեն չեմ էլ հիշում, թե նա առաջին անգամ ում հետ եկավ մեր տուն։ Նույնիսկ համոզված չեմ, թե երբ էր… Եթե չեմ սխալվում, դա 1990-ի ամռանն էր։ Փոխարենը լավ եմ հիշում առաջին տպավորությունս։  Տղամարդկային ճիշտ դիմագծեր, և երկու` արևի նման աչքեր` թավ, միացած հոնքերի տակ։ Դուշմանի տեսքը մի քիչ խիստ ու նույնիսկ ահեղ էր։  Ամբողջովին ձգված ու հավաքված` նա կարծես ի կատար ածելու հրամանի էր սպասում։ Ավելի անսպասելի թվաց նրա ժպիտը. բաց ու լուսավոր։ Ես կասեի` մանկական ժպիտ։ Ժպիտ մի մարդու` մաքուր, ոչնչով չաղարտված խղճով։

Այն, որ նա բնածին մարտիկ էր, ես միանգամից հասկացա։ Դժվար է ասել, որ նրա արտաքինը հուշում էր դրա մասին։  Ուղիղ հայա՞ցքն էր, ձգված ուսե՞րը, հպարտ բարձրացված կզա՞կը։ Բայց այն, որ այդ երիտասարդին կարելի է վստահել, զգացվում էր միանգամից։ Նրանից բխում էր հանդարտ ինքնավստահություն, կասեի նույնիսկ խաղաղություն։ Իսկ նա նստեց մի քիչ ու հանկարծ ասաց. «Ձեզ մոտ ուտելու բան կգտնվի՞։ Ես մի քիչ սոված եմ»։

Սիրում եմ մարդկանց, ովքեր չեն ամաչում հյուրընկալվելիս խոստովանել, որ իրենք դեմ չէին լինի հաց ուտել։ Կարծել և կարծում եմ, որ հենց այդպիսի մարդիկ են սիրում հյուրասիրել, և իրենք էլ անկեղծ ուրախանում են, երբ հյուրը կշտանում է։

Ուտելիք գտնվեց, ինչը միշտ չէր հաջողվում շրջափակված Ստեփանակերտում։ Տղաներն արագ կերան` ցուցաբերելով իսկապես սոված մարդկանց ախորժակ, որից հետո ծավալվեց խոսակցությունը։

Երևի դա լինում է բոլոր ազգային-ազատագրական պատերազմների ժամանակ. զենքն առաջինը ձեռքն են վերցնում ազգի իրական ներկայացուցիչները` մտավորականները։ Վարդանն ի ծնե մտավորական էր, մարդ, որն ապրում էր ազգի ձևավորված հոգևոր և նյութական արժեքներով։ Նրա հետ ոչ միայն հետաքրքիր էր, նրանից շատ բան կարելի էր սովորել։ Նրա բոլոր գաղափարներն ու մտքերը հետապնդում էին միայն մի նպատակ` Արցախի ազատագրումը յոթանասունամյա գերությունից։ Այդ նպատակին ծառայում էին նրա արարքները, նրա պահվածքը և թվում էր` անգամ նրա քայլվածքը։

Վարդանը կռվել էր Ա‎ֆղանստանում, ուներ կառավարական պարգևներ, բայց չէր սիրում պատմել կյանքի այդ հատվածի մասին։ Համենայն դեպս, ինձ։ Փոխարենը հաճույքով պատմում էր մարտական ընկերների մասին։ Նրա պատմություններից կարելի էր եզրակացնել, որ Վարդանն ինքը եղել է միայն ականատեսը այն հերոսական արարքների, որոնք անբեկանելի հանգեցնում էին մեր հողերի ազատագրմանը։ Բայց նրա ընկերները բոլորովին այլ կարծիքի էին և կարող էին երկար վերհիշել Վարդանի սխրանքների մասին։

Տող գյուղի ազատագրումը

Ադրբեջանական օմոնականերից ԼՂՀ-ի Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման ժամանակ Վարդանը թշնամու կողմից բռնազավթած տարածք  ներխուժած առաջիններից էր։ Գրոհի ավարտից հետո, որի ընթացքում հայկական կողմը ոչ մի կորուստ չունեցավ, Վարդանն, անտեսելով իր հասցեին հնչող գովեստները, կատակում էր. «Այս ընկերոջն անհրաժեշտ է վերցնել մեզ հետ բոլոր գրոհների  ժամանակ։ Նա իր գոռգոռոցներով այնպես վախեցրեց ադրբեջանական ասկյարներին, որ նրանք բլորը վախեցած փախան»։ Խոսքը մեր տղաներից մեկի մասին էր, որն ընկել էր մոշի թփերի մեջ, և երբ նրան ճանկռոտված հանում էին այդտեղից, նա իսկապես մի քանի անգամ ոռնաց։

Ընդհանրապես, զինվորի հավաքվածությունն ու խստությունը Վարդանի մեջ զարմանալիորեն ներդաշնակ էին թեթև, անչար հումորի հետ։ Թվում է` մեր ծանոթության ողջ ընթացքում ինձ ընդամենը մի անգամ է հաջողվել տեսնել նրան իսկապես զայրացած։

Դա Խոջալուի` Ադրբեջանի զինված ուժերի կարևոր հենակետի, ազատագրման գործողությունից առաջ էր։ Խոջալուում էր գտնվում ԼՂՀ-ի միակ օդանավակայանը, որի միջոցով հնարավոր էր կապ հաստատել Արցախի և դրսի աշխարհի միջև։ Այդ գործողության նշանակությունը բոլորն էին հասկանում. նրա ելքից շատ բան էր կախված։  Գործողությունից երկու օր առաջ Ար. Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) հավաքեց դասակների հրամանատարներին, որոնց բախտ էր վիճակվել մասնակցել գյուղի ազատագրմանը, և մանրամասն  ներկայացրեց յուրաքանչյուր դասակի տեղն ու անելիքը։ Խորհրդակցությունից մոտ կես ժամ անց  ինձ զանգահարեց Կրտսեր եղբայր մականունով մի ընկեր և խնդրեց շտապ գնալ ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի շտաբ։  Նրա ձայնից կռահելով, որ  ինչ-որ արտառոց բան է տեղի ունեցել, ես անմիջապես գնացի այնտեղ։

Շենքի մուտքի մոտ տեսա Դուշմանին։ Նրա հոնքերը ջղային հավաքված էին, աչքերից կայծեր էին թափվում։ Այն հարցին, թե ինչ է պատահել, նա սկսեց խոսել, որ մի քանի բարձրաստիճան զինվորականներ չգիտեն ազատագրելու մարտավարությունն ու ստարատեգիան, նրանց մտածելակերպի կարծրության ու նրա` Վարդանի անցած մարտերի մասին արած պատմությունները չլսելու ցանկության մասին։ «Ես կկատարեմ Կոմանդոսի հանձնարարությունը, իսկ նորահայտ գեներալների մոտ ինձ չկանչեք»։ Դուշմաննն իսկապես բարկացած էր, և հավանաբար այդ պատճառով չկարողացավ կարգին բացատրել իր դժգոհության պատճառը։

Վարդանը գնաց, իսկ ես որոշ անորոշությամբ մտա շտաբ։ Այնտեղ աղմկում էր Կոմանդոսը, որն էլ պատմեց ինձ ընդհանուր անորոշության մասին։ Պարզվեց, որ արդեն մեզնից հետո մի բարձրաստիճան ռազմական պաշտոնյա մտել  է տղաների սենյակ և սկսել է «ոգևորել» նրանց՝ բացատրելով, որ  գրոհով բնակավայրը վերցնելու ժամանակ հարձակվող կողմը կորցնում է անձնակազմի  քսանից քսանյոթ  տոկոսը։ Մեր ‎ֆիդայինները, որոնք շատ լավ էին գիտակցում, որ ամեն զոհված հավասար է երեքից չորս վիրավորի, սկսեցին իրար նայել` երևի արդեն մտքով թաղելով միմյանց, ներառյալ իրենց։ Այդ ժամանակ Դուշմանը խոսեց «պաշտոնյայի» դեմ՝ ապացուցելով, որ մենք` հայերս, իրավունք չունենք կռվել այդ կերպ, որ նա ինքը չի ընդունում ռազմական գործողությունների նման միջոցը, և որ բնակավայրերի ազատագրման նրա սեփական փորձը ապացուցում է հաջողության հավանականությունը քիչ զոհերի գնով։ Ասելով այս ամենը և ոչ մի անգամ չանցնելով տարիքով և պաշտոնով ավելի բարձրի հանդեպ եղած հարգանքը` Վարդանը սենյակից դուրս եկավ, բորբոքված պատմեց հանդիպած Կոմանդոսին «զինվորական չինովնիկի» մասին։

Կոպիտ, չխոսկան, երբ խոսքը գործի մասին է, և զարմանալի փափկություն կենցաղում մարդկանց նկատմամբ։ Դեկտեմբերյան ցուրտ և մութ երեկոյան Վարդանի հետ լուռ քայլում ենք Ստեփանակերտով։  Հստակ լսվում է փոխհրաձգությունը, Կրկժանի ազատագրման համար մարտերը  ծանր բնույթ են ստացել։  Դիմացից  հոգնած քայլում է երիտասարդ կին։ Հանկարծ, լսելով մեր քայլերը, սարսափելի վախենում է և սկսում է այնպես բղավել, որ մենք էլ հնարավոր է վախենայինք։ Ես փորձում եմ նրան հանգստացնել, ասում եմ, որ մենք սովորական խաղաղ անցորդներ ենք և նրա դեմ ոչինչ չունենք։ Կինն ակնհայտորեն ոչինչ չի լսում, նա վախեցած է կյանքի վերջին տարիներից։ Հասկանալով, որ բառերը չեն օգնի, մենք նրանից հեռանում ենք։ Հանկարծ, երբ մենք բավականին հեռացանք, Վարդանը դիմում է նրան. «Ներեցեք, քույրիկ, երկու խոսք։ Ես ուզում եմ ասել, որ դուք վախենալու ոչինչ չունեք,  քանի դեռ այնտեղից (նա գլխով անորոշ դեպի Կրկժանն է ցույց տալիս) կրակոցներ են լսվում, թուրքեր այստեղ չեն լինի, դրանում համոզված եղեք։ Իսկ առանց նրանց դուք այս քաղաքի տերն եք։ Այնտեղ դրա համար էլ կրակում են, որ դուք հանգիստ ապրեք»։ Մի քանի րոպե լռելուց հետո, դարձավ ինձ. «Վախենամ` նա ոչինչ չհասկացավ։ Խեղճը չափից դուրս վախեցած է»։

Դուշմանը չէր կարող, չէր ուզում համակերպվել այն բանի հետ, որ Արցախում տերը ուրիշ զինվորներն են, սարսափելի մտահոգվում էր` տեսնելով, թե ինչպես է վախը մտնում մարդկանց հոգիները։

Դուշմանը Վարդանը ճշտապահ, նույնիսկ ծայրաստիճան կարգապահ էր։ Նա համաձայնում էր կատարել այս կամ այն գործողությունը միայն այն դեպքում, երբ քարտեզի վրա մանրամասն ուսումնասիրել էր ամեն ինչ։ Չգիտեմ, նրա հետ այդ մասին չեմ խոսել, բայց այսօր՝ տարիների խորքից, ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ նա մտովի միշտ պատկերացնում էր դեռ չսկսված գրոհի յուրաքանչյուր մանրուքը։ Անսպասելություններ չպետք է լինեն, քանի որ յուրաքանչյուր չնախատեսված խոչընդոտ կարող է զինակից ընկերոջ մահվան պատճառ դառնալ։ Լեսնոյ գյուղի՝ փայլուն անցկացրած գործողությունից առաջ Վարդանն այնքան ուշադիր էր ուսումնասիրել այդ գյուղի քարտեզը, որ թվում էր՝ կարող է անցնել ամենախուլ փողոցներով անգամ։

Նա հաճախ կատակում էր՝ թեթևակի փոխելով տողեր ՏԱՍՍ-ի պաշտոնական հաղորդագրությունից. «Մենք համարվում ենք շատ հայազգի ներկայացուցիչ»։ Բայց այդ կատակի մեջ անթաքույց հպարտություն  կար իր ծանոթ ու անծանոթ ընկերների հանդեպ։

Փախստականներին բաժանելու համար Շահումյանի շրջան գումար բերեցին։ Բայց այդ շրջանում քիչ էին փախստականները, նրանք սփռված էին նախկին ԼՂԻՄ-ի տարածքով։ Որոշեցինք մնացած գումարը բաժանել ‎ֆիդայիններին՝ հաշվի առնելով, որ նրանք, միևնույն է, մնալու են շրջանում։ Գտնվելով այդ շրջանում` Դուշմանը հրաժարվեց փող վերցնել. դրանք ավելի շատ բնակչությանն են պետք։

Փաստարկելով, որ Շահումյանը պատկանում է Արցախին, ինձ հաջողվեց համոզել նրան։ Երբ Վարդանը համաձայնեց, մյուսները լուռ ստացան գումարն ու ստորագրեցին։ Հաջորդ օրը տղաները դատարկում են Էրքեջ գյուղի խանութի մթերքները ու ամբողջը բաժանում են գյուղացիներին։ Վարդանը ծիծաղում է իր մանկական, վարակիչ ծիծաղով. «Ես կատարեցի քո խնդրանքը»։

Դուշմանը երբեք չէր բավարարվում ձեռք բերածով։

Նրան նյարդայնացնում էին քաղաքում տոնականորեն թրև եկող երիտասարդները, բայց միևնույն ժամանակ մշտապես փորձում էր իր ենթականերին ետ պահել։ Նա կարծում էր, որ ուրիշներն ավելի են արժանի գովեստի, պարգևների, վերջապես հանգստի։ Եվ եթե որևէ մեկի մոտ տաղանդ էր հայտնաբերվում, որը Վարդանի կարծիքով կարող էր ազգին ծառայել, ապա նա` որպես ավագ եղբայր, իր խնամակալության տակ էր առնում ընդունակ երիտասարդին։

Այնտեղ էլ` Էրքեջում, ես նրան պատմեցի մեզ պատահած մեծ անախորժության մասին. Ադրբեջանի սարքած շրջափակման արդյունքում անդարձ կորավ մեր ընտանեկան գրադարանը։ Դուշմանն այնքան լուրջ մտահոգվեց, որ, անկեղծ ասած, ես զարմացա։ Շատերը գիտեին այդ կորստի մասին (ես իմ ցավով աշուղ էի դարձել), բայց երբեք նման արձագանք։ Իսկ Վարդանն արդեն հետո, շատ ժամանակ անց ինձ պատմեց, որ իր մանկական սենյակը, այդ բառի ամենաուղիղ իմաստով, եղել է գրադարանը. «Ես մանկուց սիրում եմ գրքի հոտը»։

Լևոն Մելիք-Շահնազարյան

About Դուշման Վարդան Ստեփանյան

Վարդան Ստեփանյանը (Դուշման) ծնվել է 1966 մարտի 9-ին՝ Երևանում: 1973–1983թթ. սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում։ 1983թ. դիմել է զինկոմիսարիատ, որ իրեն ուղարկեն Աֆղանստան՝ դեսանտային զորամաս։ 1984թ. մեկնել է Աֆղանստան ծառայելու և կռվելու։ 1986թ. վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։ 1986թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1988թ. ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն և Արցախի ինքնապաշտպանական մարտերին։1992թ. հուլիսի 3-ին մարտական առաջադրանքի ժամանակ զոհվել է Դուշման Վարդանը։ Վարդան Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճանի շքանշանով, ‹‹Շուշիի ազատագրման›› մեդալով։ Պատերազմը իր օրենքներն ունի` չգրված, բայց հաստատված։ Ազատագրված ամեն մի թիզ հողը կյանք է պահանջում և թափվում է արյունը, հայ զինվորի արյունը՝ վերահաստատելով հայի ապրելու իրավունքը։
Այս նյութը հրատարակվել է ‹‹Զրույց որդուս հետ››, Հուշապատում-ում և պիտակվել , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն