Աշոտ-Շավարշ Պետրոսյանի հուշերը Դուշման Վարդանի մասին

Ես Վարդանին ճանաչում եմ 1991թ-ից, ինձ ծանոթացրեց Սամվելը` այժմյան պաշտպանության հրամանատար Սամվել Բաբայանը: Միասին զենք ենք տեղափոխել Մսմնա գյուղը: Վարդանը որպես հրահանգիչ սկսեց պարապել տեղացիների հետ և ջոկատներ պատրաստել: Վարդանից շատ բան սովորեցինք: Նույնիսկ ապակե կտորների վրա պառկել էր սովորեցնում:

Շտաբից կարգադրություն ենք ստանում, որ Խոջալուին և Լեսնոյին պետք է խփել Ալազանով: Երեք օր անձրևի տակ մնալուց հետո նոր հաջողվեց նշված գործողությունը կատարել: Դա 1991թապրիլի սկզբներին էր: Դժվարությամբ գործողությունից վերադարձանք, ճանապարհներն անձրևից քանդվելէին: Հրթիռակոծությունը մեծ աղմուկ էր առաջացրել ադրբեջանցիների մոտ, մեծ վնասներ էին կրել, քանի որ դա առաջին դեպքն էր, չէին սպասում: Իսկ հայերի համար ուրախություն էր:

Մայիսին Վարդանի հետ եկանք Երևան` զինամթերք տանելու: Միասին վերադառնում էինք Ղարաբաղ, օդանավակայանից Վարդանին ետ դարձրեցին աֆղանական ջոկատի հետ Նոյեմբերյան գնալու համար, որտեղ վիճակը ծանր էր, և Վարդանի կարիքը կար: Իսկ ես թռա Ղարաբաղ:

Դուշմանը

1991թ. աշնանը Վարդանն իր մշակած օպերացիայով Երևանի և Բադարայի տղաների հետ ազատագրեցին Լեսնոյը: Լեսնոյից հետո Վարդանը ջոկատով մտավ Կրկժան, օմոնը խուճապի էր մատնվել: Վարդանը կռվեց Քարագլխի, Սրխավենդի, Մալիբեյլիի, Շոշի, Զառիսլուի, Քարինտակի, Լաչինիմարտերում: Արցախի այն վայրերում, ուր հայտնվում էր թշնամին: Արցախի պաշտպանության կոմիտեի անդամ էր, միշտ մասնակցում էր մարտական գործողությունների մշակմանը: Կռվում էր որպես զինվոր և հրամանատար, միշտ առաջին գծում: Շուշիի ազատագրումից հետո Վարդանն ականապատել էր Զառիսլու-Լաչին-Շուշի տանող ճանապարհը և պայթեցրել ադրբեջանական տանկը:  Այսպիսով փակել էր նրանց հաղթանակի և օգնության ճանապարհը դեպի Շուշի, Զառիսլու, Լիսագոր, Բերդաձոր: Երկրորդ վաշտի տղաների հետ Վարդանը առաջին դասակով մտավ Լաչին:

Վարդանն Արցախի ազատագրման համար շարժման առաջին օրից մինչև իր կյանքի վերջը զինվորագրվեց այդ պայքարին: Վարդանը կռվելուց բացի պարապում էր Արցախի առաջին օրինավոր բանակի հետ, որի հիմնադիրներից էր: Արցախի պաշտպանության ղեկավարությունը Վարդանին թույլ չէր տալիս մարտի դաշտ գնալ, սակայն նրանց չէր լսում: Միշտ առաջին գծում էր:

Խոջալուի և օդանավակայանի խաչմերուկում Խոջալուի ազատագրումից առաջ հանիդիպեցինք Աֆղանստանում ծառայած ադրբեջանական մի ջոկատի: Մարտը տևեց  3 ժամ, մինչև Վարդանը կարողացավ դզոտի բերանը փակել: Դզոտում գտնվող աֆղանցի զինվորը ճանաչել էր Դուշմանին: Նա խնդրում էր, որ իրեն չխփենք, բայց ես բոլորին գնդակահարեցի: Վարդանը շատ զայրացավ ինձ վրա, թե գերուն չեն խփում:

Այդպիսի զենք և ռազմական տեխնիկա չկար, որ Վարդանը չտիրապետեր և ծանոթ չլիներ:

1992թ. հուլիսի 3-ին մարտական գործողությունների ժամանակ զոհվեց Արցախի անպարտելի հերոս Վարդան Դուշմանը:

 1992, 20 հուլիսի

Մարտական ընկեր

ԱշոտՇավարշ Պետրոսյան

 (Ստեփանակերտ)

Advertisements
Հրատարակված՝ ‹‹Զրույց որդուս հետ››, Հուշապատում-ում | Պիտակված , , , , , , | Թողնել մեկնաբանություն

ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ — «ՆԱՄԱԿ ԵՌԱԲԼՈՒՐԻՑ»

ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

…Ամեն անգամ, երբ մտնում եմ Դուշման — Վարդան Ստեփանյանի միշտ մարդաշատ տուն-թանգարան, քառասուն տարվա լրագրողիս պաշարում են ինքնայրումի ու ինքնամաքրման զգացումները: Եվ քննողը Դուշման – Վարդանն է՝ իր ապրած դանկոյական կյանքով: Տուն-թանգարանում այնպիսի մթնոլորտ է տիրում, որ թվում է՝ ուր որ է դուռը բացվելու է, և ներս է մտնելու Վարդանը՝ վառոդաբույր, կենսախինդ ու կրակոտ: Սակայն, չգիտես ինչու՞, տուն չի վերադառնում: Ոչինչ, թող մայրը, քույրը, եղբայրը, մյուս հարազատները սպասեն: Գիտի, որ նրանք սովոր են սպասել: Դրա համար էլ տուն չի գալիս: Երևի անհետաձգելի մարտական նոր առաջադրանք ունի: Եվ Դուշման – Վարդանը արցախյան մարտադաշտից ուղիղ գնացել է… Եռաբլուր, միացել իր հոգու հարազատներին՝ Հայոց Անմահների գնդին: Եվ փույթ չէ, թող մայրն սպասի…

 

Դուշմանը

Վարդան Ստեփանյանի խոհերը հայոց գերյալ հողերի ազատագրման մասին էին միայն:

ՆԱՄԱԿ ԵՌԱԲԼՈՒՐԻՑ

Պոեմ

Եվ  մայրը մի օր նամակ ստացավ`

Եռաբլուրի կնիքը վրան,

Մի գարուն աղջիկ, սրտում` սիրո ցավ,

Նամակը բերեց  ու  տվեց  նրան:

 

-Հոգուս երկնքում շողացող արև,

Եռաբլուրից՝ քեզ խոնարհ բարև,

Դու  ամեն լավի անսպառ մի հանք,

Դու իմ սուրբ մայրիկ, իմ Աղոթավանք:

 

Կյանքում քեզ քնքուշ խոսքեր չասացի,

Քեզ քիչ անսացի, անձնազոհ իմ մայր,

Իսկ  դու մեզ համար լույս ու  հույս էիր,

Մեզ համար կյանքում`դու և մայր և… հայր:

 

Նույն խմորից ենք հունցված ես ու դու,

Կրակի կտոր քույրս` Արմինեն

Եվ իմ եղբայրը`Տիգրանը խոհուն,

Այդ մասին այստեղ ես շատ եմ խորհում:

 

Կյանքիդ գարունը զոհաբերեցիր,

Որ մենք մարդ դառնանք երկրին արժանի,

Որ զինվոր լինենք վտանգի ժամին,

Եվ ոչ մի սամում մեզ չբաժանի:

 

Զոհաբերումիդ արժանի եղա՞.

Որպես ուշացած խոստովանություն,

Ասեմ, որ ես էլ քո կրկնությունն  եմ

Եվ այլ կերպ ապրել ես չէի կարող:

 

Դեռ մանկությունից սիրել եմ մարդկանց,

Այսօր էլ կյանքի պահակ եմ արթուն,

Իմ այդ կոչումը   հավերժ է, անանց,

Եռաբլուրում հոգիս է անքուն:

 

Օ՜, մայր իմ, ներիր, ներիր քո որդուն,

Ուշացումով են հույզերս հորդում,

Նախ` Հայաստանս և ապա` մայրս,

Երկու սրբություն` քո  որդու  սրտում:

 

Մայր իմ ոսկեսիրտ և արդար, և  խիստ,

Մայր  իմ ազգապաշտ և  հայրենապաշտ,

Այն տարիներին` խառն ու խռիվ,

Ես քո օրհնանքով մեկնեցի կռիվ:

Իսահակյան

 

 

 

 

Թուրքին ցույց տվինք մեր ոգու ուժը,

Մեր բազկի ուժը ցույց տվինք չարին,

Արցախ աշխարհից վանեցինք մուժը,

Որ մեր լեռներում ծավալվի բարին:

 

Սիրտս այրեցի կռվի բոցերում,

Սիրո մրմունջի ժամանակ չկար,

Իմ միակ սերը առ հայրենին էր,

Սիրո մրմունջի ժամանակ չկար:

 

Օ՜, չինար աղջիկ և դու` թխահեր,

Ես ձեր կանչերին  չարձագանքեցի,

Սիրո  արժանի հուրի՜- փերիներ,

Ինձ ներեք, որ ձեզ չարձագանքեցի:

 

Գիտեի, որ ես կզոհվեմ մի օր,

Ինչու՞ խաթարեմ ձեր բախտը սիրուն,

Գուցե և հետո  սեր անեք մի նոր,

Իմ հուշերի մեջ` դուք ծաղկած գարուն…

 

Մայր, գլխատակիս դաշույն ես դրել,

Դաստակի վրա միտքս քանդակել.

«Մենք կռիվ ունենք, մի վերջին կռիվ,

Չարի հետ վեճը դեռ չի ավարտվել»:

 

Մեկ է, մարմինս հողում կմաշի,

Ինչքան էլ մայրս կարոտս քաշի,

Ինձ համար փա՜ռք է, որ ընկա կռվում,

Հիմա մեր ազգի նոր ասքն է գրվում:

 

Ես փառքի համար երբեք չեմ կռվել,

Երբեք չեմ տրվել շահի մոլուցքին,

Թե  այդպես լիներ, անսիրտ ապրեի,

Կարժանանայի, մայր, քո անեծքին:

 

Ցավում էիր, որ յոթ տղա չունես,

Յոթին էլ ճամփես հայոց մարտադաշտ,

Դու իմ մեծամայր, դու  իմ հայապաշտ,

Ցավում էիր, որ յոթ  տղա չունես:

 

Մայր, քո անունը միշտ բարձր եմ պահել`

Մայր  Հայաստանի  անվան հավասար,

Քո  լույս կերպարը` իմ սրտում ջահել,

Հայրենիք և մայր` Արարատ  սուրբ  սար:

 

Մենք կատարեցինք անհնարինը`

Արցախը մերն է, մենք` Արցախինը,

Հենց դրա համար արժեր և զոհվել,

Հայը սովոր է մեռնել  ու  հառնել:

 

Մայր իմ, ինձանից մի հուշ չմնաց`

Իմ նկարներից,  գրքերից բացի,

Մեկ էլ մարտական իմ ընկերների`

Քո հանդեպ տածած հարգանքից բացի:

 

Բայց ամենամեծ հիշատակս, մայր,

Հայոց  Արցախն է`  ազատագրված,

Որի սրբազան զոհասեղանին

Նաև իմ շքեղ  երազն է դրված:

Էմիլ Դիլոն

 

 

 

 

 

Երանի՜ նրանց, ովքեր ապրում են,

Թող մարդիկ ապրեն և մեր փոխարեն,

Թող մարդիկ սիրեն և իմ փոխարեն,

Երանի՜ նրանց, ովքեր ապրում են:

 

Դու սգվոր կին չես, մայր ես հերոսի

Ու քանի՜-քանի Վարդաններ ունես,

Դու խորունկ  գետի իմաստուն հուն ես`

Լուսեղեն վշտով  և  հպարտությամբ:

 

Եռաբլուրում  հազա՜ր  շիրիմ կա,

Հազա՜ր  հերոս է բարձունքին ննջում,

Նրանց   կուռ  ու  խիտ շարքերը վկա`

Տղերքն  այստեղ էլ  վառոդ  են շնչում:

 

Մի բարձունք ունենք հանց Մասի՜ս վսեմ,

Թող աշխարհի չորս  ծագերը  լսեն.

Եռաբլուրը  անմահաց  գունդն է,

Վաղվա մեր հայոց քաջերի հունդն է:

 

Մենք  պատրաստվում ենք  մեծ թոհուբոհին,

Մենք  պատրաստվում ենք  վերջին  գրոհին,

Մենք  մեր  ետևից գնդեր կտանենք,

Մեր Եռագույնը  Մասիս կհանենք:

 

Զարիկ մայրիկն իր երեք զավակներով

Մայրը՝ Զարուհի Շամյանը, իր զավակների հետ

Երազուն պատանի Վարդանը

Երազուն պատանի Վարդանը

Շիրազապաշտ Վարդան Ստեփանյանը

Շիրազապաշտ Վարդան Ստեփանյանը

Աֆղանական դժոխքում թրծված «Դուշմանը»

Աֆղանական դժոխքում թրծված «Դուշմանը»

Կորստյան ցավից իմաստնացած մայրը

Կորստյան ցավից իմաստնացած մայրը

Այս լուսանկարը հայտնի է աշխարհի չորս ծագերում:

Այս լուսանկարը հայտնի է աշխարհի չորս ծագերում:

Արցախն է կանչում...

Արցախն է կանչում…

Մասիսապաշտ հայորդին

Մասիսապաշտ հայորդին

Վառոդաբույր տղերքը

Վառոդաբույր տղերքը

Դուշման - Վարդան Ստեփանյանը լավ գիտեր, որ «Միայն զենքով կա հային փրկություն...»

Դուշման — Վարդան Ստեփանյանը լավ գիտեր, որ «Միայն զենքով կա հային փրկություն…»

Քնքշության եզակի պահեր... պատերազմի թոհուբոհում

Քնքշության եզակի պահեր… պատերազմի թոհուբոհում

Հայոց բերդաքաղաքն ազատագրելուց առաջ

Հայոց բերդաքաղաքն ազատագրելուց առաջ

Շուշին ազատագրված է...

Շուշին ազատագրված է…

Դուշման - Վարդան Ստեփանյանի անվան փողոց Շուշիում

Դուշման — Վարդան Ստեփանյանի անվան փողոց Շուշիում

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի լսարաններից մեկը կոչվել է Վարդան Ստեփանյանի անունով:

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի լսարաններից մեկը կոչվել է Վարդան Ստեփանյանի անունով:

Հրամանատարին նվիրված հուշակոթող ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մերձակայքում

Հրամանատարին նվիրված հուշակոթող ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մերձակայքում

Տեսարան Մյուրիշեն գյուղից

Տեսարան Մյուրիշեն գյուղից

Ուխտագնացություն դեպի Վարդան Ստեփանյանի անցած մարտական ուղիները...

Ուխտագնացություն դեպի Վարդան Ստեփանյանի անցած մարտական ուղիները…

Եռաբլուրում

Եռաբլուրում

Երանի՜ այն հային, ով Մասիսը տուն կբերի... Վարդան Ստեփանյան

Երանի՜ այն հային, ով Մասիսը տուն կբերի…
Վարդան Ստեփանյան

Հրատարակված՝ Հայրենասիրություն, Հուշապատում-ում | Պիտակված , , , , , , | Թողնել մեկնաբանություն

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ (շարադրություն)

Դպրոցահասակ Վարդանը1915թվի Մեծ եղեռնի օրերին հարյուրավոր հայ մտավորականների հետ զոհվեց նաև մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը: Նա հազիվ 3 տասնամյակ էր բոլորել դեռ, հոգին լի էր պայծառ երազանքներով, նա դեռ պետք է ստեղծեր նոր, հիանալի երգեր: Բայց ողբերգական եղավ բանաստեղծի ճակատագիրը: Նա ընկավ իր ամենաբարձր թռիչքի պահին, զոհվեց, բայց անմահացավ:

Վարուժանը իր կարճատև կյանքում հասցրեց ստեղծել արվեստի իսկական գանձեր: Նրա պոեզիայում ամենից ուժեղ ու հմայիչ հնչել է հայրենասիրական լարը: Մանկությունից նա ականատես է  եղել իր հարազատ ժողովրդի տանջանքներին թուրքական արյունոտ լծի տակ: Հայրենիքի տառապանքը մի խոր վերք է դառնում բանաստեղծի հոգում, որը մինչև վերջ էլ մնում է անբուժելի:

Վարուժանը հզոր տաղանդով է երգել իր ժողովրդի ցավերի ու տառապանքների երգը և միշտ էլ հավատացել է պայծառ գալիքին: «Վաղվան բողբոջներ» բանաստեղծության մեջ նա հավատում է, որ հողագործի թափած անմեղ արյունից վաղը հզոր ու նոր սերունդներ կաճեն ու կբարգավաճեն: Իսկ «Ջա՞րդը»…

Վարուժանի հայրենասիրական քնարի պսակը «Ձոն» բանաստեղծությունն է: Այստեղ հուզիչ ու հոգեբուխ պատկերներով բանաստեղծը վերակենդանացնում է իր հայրենիքի պատմության հերոսական ու տխուր էջերը: Մեր հին գողթան երգիչների «Եղեգնյա փողը» բանաստեղծի գրչի տակ մերթ հայրենի օջախի ծուխն է արձակում, մերթ՝ այրիացած հարսների ողբը, մերթ լույս է դուրս գալիս եղեգնյա փողից, մերթ՝ արցունքոտ մի սիրտ, մերթ էլ՝ մոլեգնած վրեժի բոց.

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.

 — Ձեզի ընծա՜, Հայ մարտիկներ —

 Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…

 — Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ —

 Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.

 Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։

Վարուժանի հայրենասիրական քնարից անբաժան են նաև պանդխտության երգերը: Մեր Դանիել Վարուժանժողովրդի այդ դարավոր ցավը, որ միշտ էլ հուզել է հայ բանաստեղծներին, մի խոր ու սրտակեղեք դրամա է դարձել «Կարոտի նամակ» բանաստեղծության մեջ: Մի պարզ պատմության միջոցով բանաստեղծը կատարում է կարևոր ընդհանրացում: Պանդուխտ որդին օտարության մեջ կսկիծով հիշում է մոր նամակը: Նամակում նկարագրված է կարոտած մոր մի հուզիչ կերպար, որի բերանով հայրենիքն է խոսում, դա հայրենիքի կանչն է իր հարազատ զավակներին, որ գան ու շենացնեն հայրական տունը, հանգած օջախը.

Եկո՜ւր, որդյա՛կ, հայրենի տունըդ շենցուր.

Դուռն են կոտրեր, մառաններն ո՛ղջ դատարկեր.

Կը մըտեն ներս լուսամուտեն ջարդուփշուր

Գարնան ամբողջ ծիծառներ:

Վարուժանի ստեղծագործությունը հարուստ է նաև համամարդկային թեմաներով: Նա մինչև հոգու խորքը դժգոհ էր բուրժուական անիրավ աշխարհից, որտեղ ապականվում են մարդկանց բարքերը, ամենանուրբ զգացմունքները դառնում են առ ու ծախի առարկա: Բուրժուական կյանքի այլանդակություններին բանաստեղծը հակադրում է մեր հեթանոս նախնիների պարզ ու մաքուր կյանքը: Այս տեսակետից իր բարձր արժանիքներով աչքի է ընկնում «Հարճը» պոեմը, որը գեղեցկության և ուժի անմիջական փառաբանություն է: Ամեն մի մեծ բանաստեղծ ապրում է համայն մարդկության ցավերով ու տառապանքներով: «Մեռնող բանվորը», «Բանվորուհին», «Դադար» բանաստեղծություններում Վարուժանը վառ պատկերներով ցուցադրում է աշխատավոր մարդու ողբերգությունը բուրժուական հասարակության մեջ և երազում մի նոր կյանք: Աղաղակող սոցիալական անարդարությունների մեջ Վարուժանը ամբողջ հոգով խորշում է բուրժուական քաղքենի աշխարհից և դրան հակադրում աշխատավորի խորաթափանց կյանքը: Իսկ այդ կյանքը գեղեցիկ է աշխատանքով: «Հացին երգը» բանաստեղծությունների շարքը, որ լույս տեսավ բանաստեղծի մահից հետո, նվիրված է հողագործի՝ աշխարհը շենացնող աշխատանքի փառաբանությանը:

Վարուժանը երազում էր հայրենիքին տալ այնպիսի ստեղծագործություն, որ հայրենիքը իր նման զավակ ծնելու համար չզղջար:

Այսօր իրագործվել է մեծ բանաստեղծի երազանքը: Նրան ծնած ժողովուրդը հպարտանում է իր հանճարեղ զավակով:

Հրատարակված՝ Ստեղծագործություններ-ում | Պիտակված , , , , | Թողնել մեկնաբանություն

ԳԱԳԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ (Հեթանոս Գագո)

Հեթանոս ԳագոԾնվել է 1965թ. փետրվարի 13-ին Երևանում, Սուրմալուի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում։ Թուրքերի կողմից Սուրմալուի գրավումից հետո Գագիկի նախապապը, հավաքելով ողջ գերդաստանը (ընդհանուր թվով` 27 ընտանիք), տեղափոխվել էր Ապարանի մոտ գտնվող Լուսագյուղ բնակավայրը։ Գագիկի մի պապը մասնակցել է Բաշ-Ապարանում թուրքերի ջախջախմանը, իսկ մյուս պապը, մասնակցելով Երկրորդ համաշխարհային պատերազմին, հասել է մինչև Բեռլին՝ Ռեյխստագի պատին թողնելով իր ստորագրությունը։

Խիզախությունն ու արիությունը հատուկ էին Գագիկին արդեն պատանեկության տարիներին։ Զբաղվում էր բռնցքամարտով նախ Պատանի բռնցքամարտիկների դպրոցում, այնուհետև` Դինամո մարզական ընկերությունում: Ստացել է սպորտի վարպետի կոչում, բազմաթիվ անգամներ դարձել տարբեր մրցույթների հաղթող։
1984թ. մեկնում է ծառայության խորհրդային բանակ, որտեղ ծառայությունն անցնելուց հետո վերադառնում է Հայաստան և անմիջապես միանում եղբայրներին՝ Արայիկին և Բագրատին, ովքեր մասնակցում էին Արցախյան շարժմանը։ Արայիկը իր մարտական մկրտությունը ստացել էր Սովետաշենում, իսկ Բագրատը հիմնականում զբաղված էր հայկական ֆիդայական խմբերի համար զենք հայթայթելով։

1990թ. ապրիլին Արայիկն իր ընկերների հետ միասին տիրանում է Կապանում գտնվող խորհրդային զորամասի ամբողջ զենքին։ Խորհրդային զորքերը հետախուզություն են սկսում և շրջափակում են Արայիկին և նրա ընկերներին, ովքեր փակվում են Խուստուփի ծերպերում: Գագիկը շտապ օգնության մեքենայով ներխուժում է շրջան, շրջափակումից ազատում եղբորը, ընկերներին և զենքը։
Գագիկն ու իր եղբայրներըը մասնակցում են հայ-ադրբեջանական ճակատում ընթացող պարտիզանական պատերազմին։ 1992թ. Գագիկն ընդգրկվում է «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատում, մասնակցում Գորիսի, Սիսիանի և այլ բնակավայրերի պաշտպանությանը: Մասնակցում է նաև Լաչինի (այժմ՝ Բերձոր) գրոհին, Ղուբաթլի և Ֆիզուլիի (ներկայիս՝ Քաշաթաղի շրջան) մոտ մղված մարտերին, հասնում մինչև Քարվաճառ։

Գագիկը հավատում էր նախաքրիստոնեական հայկական հեթանոսությանը, որի համար էլ ստանում է «Հեթանոս» մականունը։

1994թ. փետրվարի 13-ին՝ իր ծննդյան օրը, Գագիկը տուն է գնում։ Նրան անհանգստացնում էին դեռևս չլավացած վերքերը, սակայն չի կարողանում հեռու մնալ մարտական գործողություններից և հաջորդ օրն իսկ վերադառնում է ճակատ։ Նրա զինվորները զբաղեցնում էին Օմարի լեռնանցքի դիրքերից մեկը:

1994թ. մարտի 13-ին ադրբեջանցիները զանգվածային գրոհ են սկսում, սակայն չեն կարողանում ճեղքել պաշտպանությունը և ծանր կորուստներ կրելով՝ մարտի 14-ի առավոտյան հետ են քաշվում։

Հեթանոս Գագոյի կիսանդրին

Մարտի 16-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները: Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիները նոր հարձակում են նախաձեռնում։ Թեժ կռիվներում նրանց հաջողվում է գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր։ Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Հեթանոս Գագոն` վիրավոր, վերջանում էր ռազմամթերքը: Գագիկը հրամայում է իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեն շրջափակումից, իսկ ինքը` վիրավոր ոտքով, մնում է դիրքերում և միայն մեկ գնդացիրով շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը: Ադրբեջանցիները գրոհում են, սակայն Գագոն շարունակում է պաշտպանվել: Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները (дымовые шашки)՝ նա տեղից տեղ է անցնում՝ ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ: Չդիմանալով թշնամին դադար է առնում։ Գագոն հնարավորություն ուներ նահանջելու, սակայն իսկական ռազմիկը շարունակում է մարտը՝ ապահովելով սեփական մարտիկների անվտանգ նահանջը: Ադրբեջանցիները գործի են դնում իրենց բոլոր ուժերը։ Վիրավոր ոտքը սառել ու ծանրացել էր: Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվում է ու թողնում գնդացիրը: Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկում է նրան հանձնվել։ Գագիկը շարունակում է կռիվը, սակայն դա երկար չէր կարող շարունակվել։ Նա չափից շատ արյուն էր կորցրել։ Ուժասպառ ընկնում է, և դիմադրությունը դադարում է։ Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտենում են խրամատներին։ Չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ ռազմիկ։ Հակառակորդի հրամանատարը որոշում է տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում տասնյակ թշնամական զինվորի գետին փռել։ Նա շրջում է ընկած Գագոյին։ Ընդմանենը մեկ ակնթարթ Գագոն բացում է աչքերը և քաշում նռնակի օղը։ Հեթանոս Գագոն զոհվում է` իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցի։ Մարտի 19-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի և «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ են գրավում երեք դիրքերը։ Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած գտնում են նաև Գագիկին։ Հարգելով Գագոյի խիզախությունը` թշնամին նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա։ Ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը։

1995թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգրատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
1999թ. Երևանի քաղաքապետի հրամանով թիվ 135 միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Գագիկ Ստեփանյանի անվան:

Հրատարակված՝ Անմահ հերոսներ-ում | Պիտակված , , , | Թողնել մեկնաբանություն

ՄԱՐՏԱԿԵՐՏ. ԱՆՀՆԱՐԻՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ

(«Երկիր» թերթի թղթակից Գրիգոր Բաբայանի զրույցը գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղևոնդյանի հետ)

Պետրոս Ղևոնդյանը ՄարտակերտումՊ.Ղ. Ղարաբաղյան այս պատերազմում, որքան ես կարող եմ հասկանալ ու գնահատել որպես զինվոր, անդադար արվում է անհնարինը, և այդ անհնարինն արվում է անընդհատ: Անհնարինը բոլոր առումներով ու կանոններով, որովհետև այս կռիվը ոչ մի կանոնով չի պայմանավորված: Դիրքերն անդադար պահում են նույն մարդիկ և պահում են գերմարդկային ուժերի գնով: Հոգնած ու գիշերը չքնած մարդը քայլում է 40 կիլոմետր, կատարում է մարտական գործողությունը և փոխարինող չունենալով՝ նորից հոգնած ու անքուն նստում է՝ իր գրաված դիրքը պահելու: Ես չեմ կասկածում, որ այս կռվի վրա նաև քաղաքական գործոններ են ազդում, բայց այն, որ այս կռվի սահմանները պետք է քաղաքական գործոններն ու շարժառիթները գծագրեն ու որոշեն՝ երբեք չեմ կարող ընդունել ու չեմ ընդունի: Եթե նույնիսկ համոզված լինեմ, որ մեր կռվի արդյունքները քաղաքական ոլորտներում պետք է շահագործվեն կամ չարաշահվեն, մեկ է՝ ինձ համար այլընտրանք չկա. պետք է կռվենք:

Գ.Բ. Ծայրահեղ հոգնածության ժամանակ պահ է գալիս, ինձ հետ գոնե եղել է, երբ սկսում ես մտածել՝ արդյոք անիմաստ չէ՞ այս ամենը:

Պ.Ղ. Երբ խոսում են այն մասին, որ անիմաստ են մեր զոհերն ու չարչարանքը, որովհետև այս երկրի սահմանները գծագրվում են ամերիկաներում, մոսկվաներում կամ չգիտես ինչ եվրապառլամենտում, խոսում են՝ մոռանալով, որ եթե այս սահմանը պահող չլիներ, թուրքը կգար ու վերջնականապես կբռնաբարեր այս հողը, և ամեն մի սահմանի մասին ամեն մի խոսակցություն իսկապես կդառնար անիմաստ: Միևնույն ժամանակ՝ կազմակերպված ուժերը կարող են փոխել ցանկացած քաղաքականության ընթացք, անկախ նրանից, թե այդ քաղաքականությունն ինչ ուժեր են որոշում. այդ ուժերը, լինեն ամերիկյան, ռուսական, թե թուրքական, կազմակերպված ուժեր են, որոնց կարելի է հակադրել մեկ այլ կազմակերպված ուժ:

Պետոն մարտական ընկերների հետ

Գ.Բ. Քո կարծիքով, որտե՞ղ է վճռվում Ղարաբաղի բախտը՝ Մոսկվայում, Անկարայում, Վաշինգտոնում, Բաքվում, Երևանում, մեր այս դիրքերում…

Պ.Ղ. Չգիտեմ որտեղ է վճռվում, բայց գիտեմ, որ հայերը կարող են իրենց բախտը վճռել: Կարող են իրենց զենքի և իրենց պետության միջոցով որոշել իրենց սահմանները, իրենց քաղաքականությունը, իրենց անելիքը:

Գ.Բ. Ո՞ր հայերը: Վերջին ժամանակներում, որքան էլ դա տարօրինակ է, հայի երկու տեսակ տարբերակվեց՝ ղարաբաղցի ու հայաստանցի: Ո՞ր տեսակն է վճռելու Ղարաբաղի բախտը:

Պ.Ղ. Երկուսը միասին: Մեկը մյոսից անկախ ոչինչ չեն կարող որոշել:

Գ.Բ. Վերջին ամսին մեր դիրքերում 8 զոհ ենք տվել: Թշնամու զոհե՞րը քանիսն են:

Պ.Ղ. Շատ: Շատ, բայց դա ինձ բոլորովին չի մխիթարում: Խնդիրը մեր ունեցածը պահպանելն է, ոչ թե թուրքի կորուստը հաշվելը: Հարյուրներով նրանց սատկելը հետ չի բերի մեր այս տղերքին, որ այս դիրքերում զոհվեցին:

Գ.Բ. Այնուամենայնիվ, ինչպե՞ս ես բացատրում այդ անհամամասնությունը:

Պ.Ղ. Ինձ համար, նորից ասեմ, մխիթարություն չէ, որ նրանք ավելի վատ են կազմակերպված, ավելի ապուշ են, քան թե մենք: Վաղը կարող են և կազմակերպվել, քանի որ նրանց սխալների վրա իրենց պետությունն է աշխատում: Եթե բանակի դիմաց բանակ չլինի՝ հնարավոր չէ այս հողը պահել: Շատ երկար ժամանակ ղարաբաղցիները պահում են իրենց հողը: Բայց միայն իրենց ուժերով հավերժորեն չեն կարող:

Գ.Բ. Վե՞րջը:

Պ.Ղ. Եթե ամեն ինչ թողնենք զարգանա այս ընթացքով, վերջը կարող է շատ տխուր լինել: Ուղղակի նրանք, ովքեր ուզում են իրենց հողը պաշտպանել, վերջանալու են, և մեզ համար լավագույն ելքի մասին երկար ժամանակ ստիպված ենք լինելու լռել, որովհետև հաջորդ սերունդը, որ գալիս է, ուղղակի չի հասցնում մտնել այս մթնոլորտի մեջ: Կռվողները կվերջանան, և կռիվն էլ այդպես կվերջանա: Նաև շատ վատ կլինի, եթե ղարաբաղյան կռիվը տարբեր քաղաքական ուժերի ձեռքին շարունակի մնալ խաղաթուղթ:

Գ.Բ. Կարո՞ղ է Ղարաբաղը միայնակ դիմադրել Ադրբեջանին առանց Հայաստանի Հանրապետության օգնության:

Պ.Ղ. Կարող է: Բայց կարճ ժամանակ: Ղարաբաղն ինչպե՞ս պետք է փամփուշտ կամ այս պատերազմական պայմաններում հաց արտադրի:

Գ.Բ. Իսկ զինամթերքից ու սննդից բացի:

Պ.Ղ. Մարդուժի խիստ պակաս կա: Սկզբից էլ ասացի այդ մասին: Ղարաբաղցիներն անում են անհնարինը, իսկ անհնարինը, որ դարձրել են հնարավոր և անում են, երկար շարունակվել չի կարող: Բայց պետք է ոչ թե անհնարինը շարունակել, այլ գտնել հնարավոր լուծումներ: Իսկ դրանք կան. ես տեսնում եմ: Եվ գիտեմ, որ շատերն են տեսնում: Եվ այդ հնարավորը, որի մասին ասում եմ, թե տեսնում եմ, մի վերացական բան չէ: Մեր հաղթանակն է, որը գոնե ինձ համար շատ իրական է: Եվ պարտադիր:

«Երկիր», 20 փետրվարի, 1993թ.

 

 

Հրատարակված՝ Անմահ հերոսներ-ում | Պիտակված , , , , , , , | 1 մեկնաբանություն

ԱՊՐԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ. ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ

Դուշմանն ԱֆղանստանումՈ՞վ դրեց անունը «Դուշման»՝ այսքան հայրենասեր, անաղարտ հայի, որի կենսագրության ոչ մի էջը, տողը, տառն անգամ օտարամոլության բիծն իսկ չունի: Գրքերի աշխարհում, հենց գրադարանում ծնված այս հայը աչքը բացեց ու գրադարանի պատին հայատառ չարենցյան պատգամ տեսավ, հետո բարուրված հիվանդանոց հասավ ու դուրս եկավ Վարդան կնքված, հետո Արմենուհի ու Տիգրան անուններով քույր ու եղբայր ունեցավ, որի համար բանասեր քույրն առանց հարցերին պատասխանելու քննությունից «գերազանց» ստացավ: Դասախոսին շատ էին հուզել հայահունչ այս անունները՝ Վարդան, Արմենուհի, Տիգրան: Եվ ինչքա՛ն կհուզվեր հայասեր այս դասախոսը, երբ լսեր Արմենուհու ավագ եղբոր՝ Վարդանի կազմած առաջին գիտակցված նախադասություններից մեկը: Երբ թոթովախոս մանկանը հարցրել են, թե ով է և ուր է Չարենցը, տղան պատասխանել է.

—         Ասաց մեր հողերը տվեք, չտվեցին, մեռավ:

Նուրբ բրդյա գործվածքների գործարանի գրադարանի վարիչն էր Վարդանի մայրը՝ տիկին Զարիկ մայրիկն իր երեք զավակներովԶարուհին, ով ճակատագրի բոլոր դաժան հարվածներն ու փորձությունները դիմագրավել է աշխատանքով, հաստատամտությամբ ու նվիրումով: Գրադարանում աշխատում էր, գրադարանում ապրում, երեխա պահում, մեծացնում այնպես, որ և՛ աշխատասիրությունը, և՛ հաստատամտությունը, և՛ նվիրումը իր զավակների մարդկային նկարագրի շաղախը դառնան: Հիմա գրադարանում է այն հնամաշ բազկաթոռը, որը Վարդանի օրորոցն ու մահճակալն է եղել: Բարուրված փոքրիկն այնտեղ է սպասել կուսակցական ժողովի գնացած իր մորը: Սպասել է մինչև մայրն ընդունի ու ճանապարհի բոլոր գրքասերներին, կազմի, խնամի, տեսակավորի և անվանական ցանկով տեղադրի գրքերը: Սպասել է, և քննել զինվորների պես կողք կողքի հպարտ կանգնած այդ անեզր աշխարհը, որով նա հետագայում սնվելու էր, կրթվելու ու ձևավորվելու էր որպես մարդ-անհատ: Իսկ Վարդանն անհատ էր դեռ փոքրուց:

Թումանյանի անունը կրող դպրոցում նա ոչ միայն աշակերտ էր բոլոր աշակերտների նման, այլև դպրոցի շտապ օգնությունը: Օգնության էր հասնում ամենատարբեր պարագաներում՝ մաքրելիս, նորոգելիս, ետ մնացողների հետ պարապելիս, հանդիպումներ, միջոցառումներ կազմակերպելիս: Զավակների օրինակելի վարքի մասին գովեստի խոսքեր շատ ծնողներ են լսել ուսուցիչներից, բայց երևի քչերն ունեն հրամանի տեսք ստացած այսպիսի գրություններ. «Երևանի Թումանյանի անվան դպրոցի ողջ մանկավարժական կոլեկտիվը շնորհակալություն է հայտնում Ձեր գրադարանի վարիչ Զարուհի Շամյանին, որդու՝ Վարդան Ստեփանյանի գերազանց գնահատականների և օրինակելի վարքի համար»: Վարդան մեծացնող մայրը շնորհակալագրեր էր ստանում դպրոցից, իսկ կուսկազմակերպությունը դիտողություն էր անում աշխատանքը մայրական պարտականությունների հետ տառապանքով, բայց հպարտությամբ զուգակցող կնոջը:

Դուշմանի հուշատախտակը Թումանյանի անվան թ. 32 դպրոցի մուտքի մոտ

Իսկ նրա գրկում մի նոր Վարդան Զորավար էր զորանում: Մի մարդ, մի մարտիկ, որի մարդկային նկարագրով, հայրենասիրությամբ, հմտություններով հմայված զինվորը, մարտական ընկերը՝ Դավիթ Ամալյանը, խաղաղ պայմաններում որդի ունենալով, կկոչի նրան Վարդան՝ ի պատիվ երկու անվանակից քաջերի: Եվ որպեսզի որդին օտար օրորոցայինների տակ չննջի, Դավիթն իր օրորոցայինը կգրի ու կտա իր Վարդան զավակի մորը.

Քեզ, մանչուկս, կոչեմ Վարդան

Պատվին մեծ այրի,

Որ քեզ համար դառնա պատգամ

Կանչն Ավարայրի:

Երբ դպրոցն ավարտեց, խորհրդային մեր երկրում խաղաղություն էր, ու մեր պատերազմն էլ յոթը սարից այն կողմ էր, բայց կանչվածների սիրտը լեռներում է, ու մի անտես ձեռք ուղղորդում է նրանց:

Բոլորից ծածուկ ԴՕՍԱԱՖ գնաց, պարապեց, մարզվեց, պարաշյուտային թռիչքների մասնակցեց ու մինչ իր զորակոչի ժամանակը կգար, մտավ զինկոմիսարիատ ու ստիպեց տանել բանակ: Մայրը կանգնեց ճանապարհին, որ արգելի, չլսեց, բայց պայման կապեց.

—         Դու լաց չես լինելու, ես էլ չեմ ծխելու,- և գնաց:

ԴուշմանըԱյս անգամ էլ ծածուկ, կամավոր Աֆղանստան:

Այստեղ՝ Հայաստանում մնացին Վարդանի նկարած գերեվարված Մասիսները, դասընկերուհու՝ Հասմիկի նվիրած լուսանկարչական ալբոմում ամբարված անհոգ մանկությունն, ու դեռ նոր պատանիացած տղան հասավ մի երկիր, ուր թշնամուն «դուշման» էին կոչում: Եվ այնպես կռվեց, այնքան հմտացավ, որ երբ այստեղ իր Հողն ու Հայրենիքը խելամիտ ու անձնուրաց պաշտպանելու ելավ, մեր թշնամու «Դուշմանը» դարձավ: Կպավ ու մնաց նրա անաղարտ անվանը այդ օտար բառը, որը, սակայն, բնավ չմթագնեց հերոս Վարդանի փառքի լուսապսակը:

86-ին Աֆղանստանից տուն վերադարձավ, թափ տվեց օտարի փոշին ու կյանքի մեծ փորձն ամբարած քայլերն ուղղեց դեպի Պետական համալսարան: Աֆղանական մարտերից, օտար Ղանդակարից հետո միանգամից համալսարան, այն էլ իրավաբանական ֆակուլտետ: Եվ ընդունվեց: Դասախոսներին հիացրել էր նրա գրած շարադրությունը: Լուսապատճենը հիմա ցուցադրված է հերոսի տուն-թանգարանում ու կարելի է բանալ, թերթել, կարդալ և հիանալ ոչ միայն նրա ընթեռնելի, գեղեցիկ ձեռագրով, այլև ճանաչել Վարդան Ստեփանյան մարդուն, հային, հայրենասերին:

«Կարդացել եմ շատ պատմավեպեր, վիպակներ,- գրել է Վարդանը,- գրքերի օգնությամբ մասնակից եմ եղել Ավարայրի ճակատամարտին, Շիրազի օգնությամբ Դանթեի սարսափելի դժոխքն եմ տեսել իմ տառապյալ հողում: Մորթվել ու հոշոտվել է դեռ մանկուց իմ հոգին: Այժմ էլ Կոմիտասի ճիչն է լսվում իմ ականջներում: Չի լռի երբեք «Անլռելի զանգակատունը»: Այս ամենը հայի մեջ անմար կպահի իր անցյալը: Անցյալով է հայը ստեղծում իր ապագան ու կստեղծի, քանի դեռ կենդանի է թեկուզ մեկ հայ»:

Ոգեկոչման այս ձոն-շարադրությունը՝ իր սիրելի «Ձորի Միրոն» կինոնկարի վերլուծությունը, տղան ավարտել է հետևյալ տողերով. «Եվ Միրոն իր որդուն կռիվ է ուղարկում: Նա հպարտությամբ է որդուն ճանապարհում: Պահել, մեծացրել է հենց դրա՝ Հայրենիքի համար: Կռվել ու զոհվել հայրենիքի համար մարդու սրբազան պարտքն է:

Ա՜խ, երանի այն մարդուն, որ Մասիս սարը տուն կբերի»:

Ազգային զարթոնքի ալեկոծվող շարքերում համալսարանականներն առաջիններից էին, ու Դուշմանընրանց հետ էր արդեն առնականացած, իր խոսքի, գործի գինն իմացող, կորուսյալ հայրենիքի ու գերյալ Մասիսների նախանձախնդիր հայորդին՝ Վարդան Ստեփանյանը: Հանրահավաքային վավերագրություններում նա չի պատկերվել, բայց այ ռազմի դաշտում նրան կրնկակոխ հետապնդում էին լրագրողներն ու կինոնկարահանողները: Փառք ու պատիվ նրանց ևս, այլապես մենք այսօր չէինք ունենա պատմական այս փաստի՝ Շուշիի գրավումից հետո ցավագար թշնամու հակահարձակումը կասեցնելու նկարագրությունը, որ առանց իր դերը գերագնահատելու պատմում է հարձակվող թշնամուն ջախջախած հերոսը՝ Վարդան Ստեփանյանը:

Իջևանի, Նոյեմբերյանի, Շամշադինի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի ինքնապաշտպանական մարտերի, Լեռնային Ղարաբաղի Խոջալու, Լեսնոյ, Կրկժան, Մալիբեյլի, Լաչին, Մարտակերտ բնակավայրերի ազատագրման մասնակիցը, «Առանձնակի գումարտակի» հրամանատարը խանդավառված պատանի էր դառնում ամեն հաղթանակից հետո, իսկ Շուշիի ազատագրումը գոնե իր համար մի յուրօրինակ տոն դարձրեց նա: Ազատագրված քաղաքի Ս. Ղազանչեցոց վանքի շուրջբոլորը պտտվելով, մեկ առ մեկ սրբատաշ քարերը համբուրելով՝ նա դարձավ «ի շրջանս յուր», բացեց փրփրաշիթ շամպայնի շիշն ու ցողեց գետինը, հետո գերեզմանատուն մտավ, կախեց գլուխն ու շշնջաց.

—         Մե՛ր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացե՛ք:

Գործողությունից հետո

Վարդանին առաջին անգամ Ղարաբաղում տեսան այն օրերին, երբ ադրբեջանական իշխանությունները, ազատատենչ արցախցիների ընդվզումից սարսափած, փորձեցին կտրել նրանց Մայր հայրենիքից: Ստեփանակերտի օդանավակայանը խստագույն հսկողության տակ էր, հայաստանցիների մուտքը՝ անցանկալի: Արվեստագետի փաստաթղթերով Վարդանն Արցախ մտավ, թատերական խմբեր հավաքագրելու պատրվակով երիտասարդներ հավաքեց, զենք բռնել, օգտագործել սովորեցրեց, Դահրավի և Դահրազի բանակումներն անցկացրեց ու սովորեցրեց պատերազմը մարտարվեստի վերածելու գաղտնիքները: Դրանում էր նրա հաղթանակների գաղտնիքը, իսկ ամենամեծ արժանիքն այն էր, որ երբեք չէր թերագնահատում թշնամու ուժերն ու միշտ ինքն էր լինում հաղթողը: Հենց այդ պատճառով էլ նա դարձավ մեր դուշմանի դուշմանն, ու հերոսի կյանքը գնահատվեց մի մեծ գումարով:

Մինչ թշնամին կրնկակոխ հետևում էր նրան անաշխատ իր եկամուտն ստանալու ակնկալիքով, հերոսն իր զինվորներով դասական մարտավարության դասեր էր տալիս թշնամուն: Հերոսական այդ դասաժամի վերջին զանգը հնչեց Մյուրիշենում, ու չտեսավ հերոս հայորդին իր հավերժական սերը՝ Մասիսն ազատագրված:

Ու թե որդի ունենար, վաղը նա կկանգներ ազատագրված Մասիսի ստորոտին և հոր նման կասեր.

—         Մե՛ր պապեր, Մասիսն ազատագրված է, հանգստացե՛ք:

Միայն թե գոնե մի որդի ունենար…

Գոհար Մարտիկյան

Ապրելու բանաձև, գիրք I

Հրատարակված՝ Հայրենասիրություն-ում | Թողնել մեկնաբանություն

ՍԻՄՈՆ ԱՉԻՔԳՅՈԶՅԱՆ (Դեդ)

«Զոհվելուց չեմ վախենում, միայն` թուրքի ձեռքը մարմնիս չդիպչի»:

Սիմոն Աչիքգյոզյան«Արաբո» ջոկատի Մարտունաշենի գործողությունների հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր

Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել է 1939թ. փետրվարի 6-ին Ռումինիայի Գալաց քաղաքում: Նրա տոհմական բնօրրանը Արեւմտյան Հայաստանն էր: Հայրը` Հովհաննեսը, Եղեռնից հրաշքով էր փրկվել. նրա 86-հոգանոց գերդաստանից 78-ը զոհվել էին Դեր-Զորի անապատում: 1946թ. Հովհաննեսի ընտանիքը հայրենադարձվեց Խորհրդային Հայաստան, որտեղ էլ Սիմոնը հաճախեց  և ավարտեց Երևանի թիվ 24 միջնակարգ դպրոցը: 1955թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1960թ.՝ ինժեներ-երկրաբանի որակավորմամբ: Ս. Աչիքգյոզյանը 1970թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1984թ. նրան շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում: 1960-1991թթ. Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, հեղինակել է 70-ից ավելի գիտական աշխատություններ, զբաղվել թարգմանություններով: Շուրջ 11 տարի դասախոսել է Երևանի պետական համալսարանում: Զբաղվել է հանրապետության գունավոր և ազնիվ մետաղների հանքավայրերի հեռանկարային ուսումնասիրությամբ:

1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո նա աղետի գոտում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը: Գիտության անխոնջ մշակ լինելուց բացի՝ նա զբաղվել է արվեստով և սպորտով, երկար տարիներ երգել է «Նարեկ» արական երգչախմբում՝ Խոր Վիրապի վանքում:

1989թ. ՀՀՇ առաջին համագումարում Ս. Աչիքգյոզյանն ընտրվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ:

1989թ. որդու՝ Հովհաննեսի հետ անդամագրվել է «Արաբո» կամավորական ջոկատին և մասնակցել Եղեգնաձորի շրջանի Գնեշիկ, Երասխ, Արենի, Խաչիկ, Նոյեմբերյանում՝ Ոսկեպար և այլ սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերի, ապա մեկնել Արցախ (Շահումյանի շրջան)՝ ստանձնելով Մարտունաշենի պաշտպանության ջոկատի հրամանատարությունը:

1990թ. Ս. Աչիքգյոզյանն ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր, մասնակցել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի աշխատանքներին՝ էկոլոգիայի հանձնաժողովի կազմում:

Ս. Աչիքգյոզյանը զոհվել է 1991թ. ապրիլի 30-ին Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ, ԽՍՀՄ ներքին գործերի ջոկատների (ՕՄՕՆ) կողմից իրագործվող Արցախը հայաթափելու «Օղակ» (‘Кольцо’) գործողությունը կանխելիս: Նրա աճյունն ամփոփված է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի գերեզմանատանը:

ՀՀ նախագահի 1996թ. սեպտեմբերի 20-ի ՆՀ-640 հրամանագրով Ս. Աչիքգյոզյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

2011թ. ապրիլի 29-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միներալոգիայի և պետրոգրաֆիայի կաբինետը անվանակոչվել է Ս. Աչիքգյոզյանի անվամբ:

Դեդ

Ազատամարտի վետերանների «Արաբո» ՀԿ-ի խորհրդի նախագահ, «Արաբո» ջոկատի ենթահրամանատար Կարեն Ղազարյանն ասում է՝ իրենք Ս. Աչիկգյոզյանին հարգանքով էին «Դեդ» ասում, քանի որ նա միշտ ջոկատի երիտասարդներին հետ էր պահում առաջին գծից, ասելով՝ «Ես ոչ մեկիդ մահը չեմ ուզում տեսնել, ինչ լինում է, թող ինձ լինի»:

Հրատարակված՝ Անմահ հերոսներ-ում | Պիտակված , , , , , , | Թողնել մեկնաբանություն